Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ուժ չկիրառելը ավելի ծանր հետեւանքների կհանգեցներ»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ իշխանությունների կողմից ուժ չկիրառելը կհանգեցներ «շատ ավելի մեծ թվով զոհերի, հետեւանքները եւս ավելի ծանր կլինեին»:

«Ուժ կիրառվել է ոչ թե հանրահավաքի մասնակիցների, այլ նրանց նկատմամբ, ովքեր ջարդուփշուր էին անում խանութները, կրակում էին ոստիկանության վրա եւ ոստիկանների ու ներքին զորքերի զինվորների վրա նռնակներ էին նետում: Ինչպե՞ս էր պետք արձագանքել», - ասել է Սերժ Սարգսյանը` վստահեցնելով. - «Չեն եղել կրակոցներ հանրահավաքի մասնակիցների վրա, կրակոցները եղել են նրանցից մեկ կիլոմետր հեռու: Ցուցարարներն էին ուժ կիրառում հասարակական կարգը պահպանել փորձող ոստիկանության հանդեպ»:

«Իսկ քննությունը պարզե՞լ է, որ բոլոր զոհվածները կողոպտիչներ էին», - այս հարցին Հայաստանի նախագահը պատասխանել է. - «Դա փաստ չէ: Սակայն հարյուր տոկոսանոց փաստ է այն, որ բոլոր տասը մարդիկ զոհվել են հրապարակից մեկ կիլոմետր հեռավորության վրա»:

«Քննությունը շարունակվում է, եւ, կարծում եմ, այն ամեն ինչ կպարզի, հստակություն կմտցնի», - ասել է Սերժ Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, աշնանը:

«Մենք աշխատում ենք, որպեսզի վստահությունը իշխանության հանդեպ լինի ավելի մեծ, քան հիմա է: Դա ինձ համար գլխավոր խնդիրն է», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ընդդիմության կողմից շարունակվող բողոքի ցույցերի առնչությամբ Սերժ Սարգսյանը նշել է. - «Հայաստանը ազատ երկիր է, եւ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց կարծիքը արտահայտել զանգվածային լրատվամիջոցներով: Փողոցային ցույցերը` կարծիք արտահայտելու ձեւերից մեկն է»:

Անդրադառնալով հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորվածների խնդրին` նախագահը ասել է. - «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. մարդիկ, որոնք ծանր հանցագործություններ չեն գործել եւ ում մեղքը ամբողջ ծավալով ապացուցված չէ, պետք է ազատ արձակվեն: Վերջին շրջանում, ի դեպ, շատերին ազատ են արձակել»:

Թղթակցի հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է, որ չի կարելի բացառել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուժային տարբերակը` «առավել եւս, որ ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին»:

«Ես գտնում եմ, որ երկրում առնվազն երկու մարդ` գերագույն գլխավոր հրամանատարը եւ պաշտպանության նախարարը, պետք է համարեն, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել հենց վաղը: Հետեւաբար, բանակը պետք է լինի մարտունակ: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը 14 տարի պահպանվում է մեծապես այն բանի շնորհիվ, որ կա ուժերի հավասարակշռություն, եւ դրա խախտման դեպքում չի կարելի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը: Ադրբեջանը միակ երկիրն է, որը հպարտանում է ռազմական ծախսերի ավելացմամբ: Եթե նրանք թեկուզ հինգ րոպեով վստահ լինեն, որ հաջողության կհասնեն, կարող են գնալ ուժային տարբերակի», - ասել է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Սակայն ես կարծում եմ, որ դա հիմնախնդրի լուծման ճանապարհ չէ: Մենք կարող ենք ամեն ինչ կարգավորել խաղաղ ճանապարհով, եւ մենք այդ մասին խոսել ենք Սանկտ Պետերբուրգում նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումը կառուցողական էր»:

«Ես չեմ տեսնում ռազմական լուծում: Ուղին` խաղաղությունն է: Կա կարմիր գիծ ե’ւ Ադրբեջանի, ե’ւ Հայաստանի համար: Պետք է գտնել այն եզրը, որը կարող է մեզ մոտեցնել, որպեսզի չանցնենք այդ գիծը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը հավաստիացրել է նաեւ, որ երկրի արտաքին քաղաքական օրակարգում «չկա ՆԱՏՕ-ին անդամակցության մասին կետ», եւ «Հայաստանի համար շահեկան է լինել Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG