Մատչելիության հղումներ

Այսօր թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է


«Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի կանխարգելման կազմակերպության 2007 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով, ամբողջ Հայաստանում ներերակային թմրամոլների թիվը կազմում է 7 հազարից 11 հազար մարդ», - «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում ասաց Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի ղեկավար Գրիգոր Մալինցյանը` հավելելով, որ 2005-ին թմրանյութերից կախվածություն ունեցողների թիվը կազմել է 25 հազար մարդ:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Նազարեթ Մնացականյանի խոսքով` տոկոսային հարաբերակցությամբ Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատությամբ Հայաստանն ամենակայուն վիճակում է. այդ խմբում անչափահասներ եւ կանայք գրեթե չկան:

Այս օրերին Հայաստանում է գտնվում Գերմանիայի Բրեմենյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի պրոֆեսոր Հայն Շտյուվերնը, ով հիմնականում զբաղվում է այս ոլորտի ուսումնասիրություններով: Պրոֆեսորը մի քանի օր առաջ է եկել Վրաստանից:

«Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում նա ասաց, որ թմրամոլների բուժման մեթոդները գրեթե նույնն են երկու երկրներում:

«Երկու երկրներում էլ թմրամոլներին ուղղակի նարկոլոգիա են անում, ապաթունավորում են օրգանիզմն ու վերջ, այսինքն օրգանիզմը մաքրում են կաթիլայիններով: Բայց հարկավոր է բժշկական սոցիալ-հոգեբանական ծառայությունների զարգացման ուղղությամբ աշխատել, դրանք պիտի լինեն մատչելի` պետության կողմից ֆինանսավորվող: Հայաստանում դեռեւս չկան այդ ծառայությունները, այսինքն ետվերականգնողական բուժում»,- ասաց Հայն Շտյուվերնը:

Ըստ նրա՝ Վրաստանում թմրամոլների թիվը 10 անգամ ավելի է, քան Հայաստանում, 70 հազար ներերակային թմրամոլերի մոտ 3-5 տոկոսը կանայք են:

Մասնագետները նշում են, որ թմրամոլների կյանքի ամենամեծ տեւողությունը 35-40 տարեկանն է, նրանք մահանում են հիմնականում գերդոզավորումից: Մինչեւ 30 տարեկանը ստանում են սրտի ինֆարկտ կամ լյարդի քայքայում:

«Եկեք թմրամիջոցների չարաշահման դեմ միջազգային այս օրը յուրաքանչյուրս կատարենք դրանց բերած վնասը կանխելու եւ նվազեցմելու մեր պարտականությունը եւ այդպիսով աշխարհը կառուցենք ավելի առողջ ու անվտանգ ապրելու համար», - ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` այսօր տարածած ուղերձում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG