Մատչելիության հղումներ

«Համար մեկ պրոբլեմը Հայաստանի Հանրապետությունում` ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ, դա` կաշառակերությունն է. համար մեկ պրոբլեմը, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումները», - հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում:

«Եթե մենք չկարողանանք հավասար մրցակցային դաշտ ստեղծել տնտեսություն վարող սուբյեկտների համար, ոչ մի ժողովրդավարություն չի լինի Հայաստանում: Հիմքը, բազան դա է, իսկ կաշառակերությունը մեր համար մեկ թշնամին է», - ասել է վարչապետը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ «մեկ օրվա ընթացքում այն ավանդույթները, որ ձեւավորվել էին հարկային եւ մաքսային ծառայություններում, մենք չենք կարողանա վերացնել». - «Մենք ունենք հազարավոր կաշառակերներ, ընդ որում` պրոբլեմը կայանում է նրանում, որ այս հազարավոր կաշառակերներին երբ փոխում ենք, երաշխավորված չենք, որ եկողները նույն ավանդույթները չեն շարունակելու: Եթե մենք հարկային տեսչությունում ունենք երկու հազար հարկ հավաքող, ունենք երկու հարյուր հազար մարդ, որոնք երազում են այդ պաշտոնները զբաղեցնել: Բայց ո՛չ նրա համար, որ նրանք պատրաստ են ազնիվ ծառայել պետությանը, այլ` որովհետեւ տեսնում են հնարավորություն արագ հարստանալու»:

Վարչապետը անհրաժեշտ է համարել ինստիտուցիոնալ փոփոխությունները, որպեսզի «անկախ նրանից, թե ինչ երիտասարդ աշխատակիցներ ներգրավված կլինեն այդ աշխատանքներում` բացառվի հնարավորությունը չարաշահելու պաշտոնական դիրքը»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG