Մատչելիության հղումներ

Անգելա Մերկել. «Գերմանիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բեռլինում հանդիպելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, ասել է, որ շատ մտահոգված է Աբխազիայի շուրջ վրաց-ռուսական վեճի կապակցությամբ` հավելելով, թե անպայման կպնդի, որ այդ խնդիրը քննարկվի Խանտի-Մանսիյսկում գումարվելիք Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովում:

«Ես ուզում եմ ընդգծել, որ մենք միանշանակ աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ մեզ անհանգստացնում են ռուսական կողմի որոշ քայլերը», - Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո հրավիրած մամլո ասուլիսում հայտարարել է Մերկելը:

Նա նշել է, թե ողջունում է Աբխազիայում ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը, սակայն ենթադրում է, որ «հնարավոր են նաեւ այլընտրանքային լուծումներ»:

«Ռոյթերզ»-֊ի փոխանցմամբ, Միխեիլ Սահակաշվիլին Բեռլինում փորձում էր Գերմանիայի ղեկավարներին համոզել՝ փոխել մերժողական դիրքորոշումը ՆԱՏ0-ին Վրաստանի անդամակցության հարցում:

Բուխարեստում ապրիլի սկզբին տեղի ունեցած ՆԱՏ0-ի գագաթնաժողովում Գերմանիան դեմ է արտահայտվել Վրաստանի անդամակցության գաղափարին:

Երեկ ավելի վաղ Միխեիլ Սահակաշվիլին Բեռլինում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, ով Գերմանիայի մայրաքաղաք էր ժամանել Մերձավոր Արեւելքի քառյակի (ՄԱԿ, Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան) նիստին մասնակցելու համար:

«Մեր ունեցած նախնական տեղեկությունների համաձայն, Կոնդոլիզա Ռայսը հուլիսի 9-ին կայցելի Վրաստան», - «Ռոյթերզ»-֊ին ասել է նախագահ Սահակաշվիլիին ուղեկցող մի պաշտոնյա` խնդրելով չհրապարակել իր անունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG