Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մովսեսյան. «Դավիթ Հարությունյանի պնդումը ակնհայտ սուտ է»


«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը «ակնհայտ սուտ» որակեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի պնդումը, թե «Հայաստանում չկան ազատ հեռուստատեսային հաճախականություններ»:

Երեկ ԵԽԽՎ-ի նստաշրջանում ընդունված բանաձեւից, հայաստանյան պատվիրակության առաջարկությամբ հանվել էր «Ա1+»-ին եթեր տրամադրելու պահանջը: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փաստարկել էր, թե նման դրույթը հակասում է օրենքին, եւ Հայաստանում չկան ազատ հեռուստատեսային հաճախականություններ:

«Դա ակնհայտ սուտ է, որը կարող է ապացուցվել շատ հանգիստ», - հայտարարեց Մեսրոպ Մովսեսյանը: - «Միայն մեկ նամակով կարելի է Ժնեւից խնդրել Հայաստանին հատկացված բոլոր կապուղիների ցանկը, եւ այդտեղ արդեն պարզ կլինի, որ 60 ալիքանոց մեծ դիապազոնի մեջ, որտեղ աշխատում են ընդամենը, ասենք, 15 հեռուստաընկերություններ, չի կարող պատահել, որ չլինի ազատ կապուղի»:

Բացի այդ, Մովսեսյանի գնահատականով, անգամ կապուղի լինել-չլինելը կարեւոր չէ, քանի որ գործող հեռուստաընկերություններից շատերի լիցենզիայի ժամկետը սպառվել է, եւ «հարկավոր է հայտարարել մրցույթ»:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը անցած շաբաթ որոշել էր, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին: Եվրադատարանի վճռով Հայաստանի կառավարությունը որպես բարոյական վնասի հատուցում պետք է վճարի 20 հազար եվրո, իսկ դատական ծախսերի դիմաց` 10 հազար եվրո:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG