Մատչելիության հղումներ

Թուրքիայի հավաքականի մարզիչը պատրաստվում է հրաժարական տալ


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականից իր թիմի կրած պարտությունից հետո հայտարարել է պաշտոնը թողնելու մտադրության մասին եւ հույս է հայտնել, որ հաջորդ մարզիչը նոր հաջողություններ կբերի թիմին:

«Նախկինում ես արդեն հայտնել էի, որ չեմ աշխատելու Թուրքիայում: Ես խոսքի մարդ եմ», - ասել է Թերիմը եւ հավելել, որ, ամենայն հավանականությամբ, եվրոպական որեւէ երկրում կշարունակի մարզիչի աշխատանքը:

«Հիմա փոքր-ինչ վաղաժամ է մանրամասնել խնդիրը. ես դա կանեմ հավաքականի խաղացողների եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրուցելուց հետո», - նշել է Ֆաթիհ Թերիմը:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ Բազելում կայացած կիսաեզրափակիչ հանդիպումից հետո, որում Գերմանիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին, Թերիմը շնորհավորել է գերմանացիներին եւ հաղթանակ է մաղթել եզրափակիչում, ընդգծելով, որ հպարտ է թուրքերի լավ խաղով:

Նրա համոզմամբ, որեւէ հավաքականի համար շատ կարեւոր է անպայման մասնակցել խոշոր առաջնություններին, քանի որ «երբ 4 տարի չես խաղում, ձեռք բերածը վատնում ես»:

«Միշտ երազել եմ ունենալ ֆուտբոլիստներ, ովքեր հաճույք են ստանում խաղից: Թերեւս, ամբողջ առաջնության ընթացքում նույն մակարդակով ելույթ չենք ունեցել, բայց այսօր մենք իսկապես լավ էինք խաղում», - երեկվա հանդիպումից հետո ասել է Ֆաթիհ Թերիմը եւ հույս հայտնել, որ Թուրքիայի հավաքականը կշարունակի հաջող ելույթները Եվրոպայի եւ աշխարհի ապագա առաջնություններում:

«Ես հավատում եմ, որ այդպես կլինի: Ֆուտբոլը շատ կարեւոր է Թուրքիայում: Այս օրերին 70 միլիոն սիրտ էր բաբախում իմ ֆուտբոլիստների համար», - ասել է Թերիմը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG