Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան իրենց այցի ընթացքում մտադիր են այցելել նաեւ Ստեփանակերտ: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Ֆասիեն երեկ է ժամանել Բաքու, իսկ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Ադրբեջանի մայրաքաղաք կժամանեն այսօր: Ուրբաթ օրը նախատեսվում են միջնորդների հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` նույն օրը երեկոյան համանախագահները Բաքվից ժամանելու են Երեւան, որտեղ նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես ադրբեջանական գործակալությանը հայտնել է Բեռնար Ֆասիեն, միջնորդները մտադիր են Երեւանից մեկնել Ստեփանակերտ, ապա վերադառնալ Երեւան:

Բեռնար Ֆասիեն փոխանցել է նաեւ, որ հունիսի 30-ին Վիեննայում կայանալու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպումը ընդլայնված կազմով, որի ժամանակ համանախագահները տեղեկատվություն են ներկայացնելու բանակցային գործընթացի վերաբերյալ:

Ֆրանսիացի միջնորդի փոխանցմամբ` ներկայումս երկու երկրների նախագահների հանձնարարականների հիման վրա եւ արտգործնախարարների հետ համատեղ աշխատանք է կատարվում «մադրիդյան սկզբունքների» վրա: Դեռեւս հայտնի չէ, թե երբ կավարտվի այդ աշխատանքը` մինչեւ հոկտեմբերին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություննե՞րը, թե՞ դրանցից հետո:

«Հակամարտությունը շարունակվում է 15 տարի: Իրական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են իմաստնություն, բարոյական ուժ եւ կամք», - ադրբեջանական գործակալությանը ասել է Բեռնար Ֆասիեն:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG