Մատչելիության հղումներ

Հայաստանի բնակչության 23 տոկոսն իր ապագան տեսնում է երկրի սահմաններից դուրս` վկայում են Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները: Այդ ցուցանիշով Հայաստանը զիջում է Հարավային Կովկասի իր հարեւաններին. նույն հարցումների տվյալներով` արտագաղթելուն դեմ չէին լինի Ադրբեջանի բնակիչների 28 եւ Վրաստանի բնակիչների 26 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 80 երկրներում Gallup-ի անցկացրած հարցման տվյալներով, հայրենիքի սահմաններից դուրս նոր կյանք սկսելուն հակված է աշխարհի բնակչության 25 տոկոսը: Այս առումով առաջատարը աֆրիկյան երկրներն են: Օրինակ, Սիերա Lեոնեի բնակչության 65 տոկոսը առաջին իսկ հնարավորության դեպքում կգերադասեր լքել երկիրը: Նիգերիայում նման մարդկանց թիվը կազմում է 58 տոկոս:

ԱՊՀ-ի երկրներից այդ ցուցանիշով առաջատարը Մոլդովան է, որի բնակիչների 31 տոկոսը ցանկանում է լքել երկիրը:

Ռուսաստանում այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ցածր է` մոտ 17 տոկոս:

Արտագաղթի նկատմամբ խիստ բացասաբար են տրամադրված Սաուդյան Արաբիայի եւ Ավստրալիայի բնակիչները. այս երկրներում հարցվածների ավելի քան 90 տոկոսը որեւէ պարագայում չի պատրաստվում լքել հայրենիքը:

Անցկացված հարցումների արդյունքում Gallup-ի մասնագետները մի շարք օրինաչափություններ են ի հայտ բերել` կապված մասնավոր տրասնֆերտների հետ: Նրանք հերքում են լայնորեն տարածված այն տեսակետը, թե արտերկրից հարազատներին ուղարկվող գումարները կրճատում են արտագաղթի ծավալները: «Իրականում մասնավոր տրանսֆերտները յուրատեսակ խթան են դարձել արտագաղթողների համար: Մարդիկ, արտերկրում բնակվող հարազատներից գումար ստանալով, աստիճանաբար հակվում են այն տեսակետին, թե բարեկեցիկ կյանքի հասնելու միակ ձեւը արտագաղթելն է», - ընդգծում են Gallup-ի փորձագետները:

ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով` աշխարհի բնակիչներից ավելի քան 200 միլիոնն ապրում է ոչ այն երկրում, որտեղ ծնվել է: Հարազատներին նրանց կատարած դրամական փոխանցումների տարեկան ծավալը կազմում է շուրջ 300 միլիարդ դոլար:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG