Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն որոշեց Հայաստանին չզրկել ձայնի իրավունքից


Երեկ ուշ երեկոյան Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշեց Հայաստանի պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից: 24 ձայնով ընդունվեց Հայաստանի իշխանությունների կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի պահանջների կատարման վերաբերյալ նոր բանաձեւ, որում Հայաստանին լրացուցիչ ժամանակ է տրվում` մինչեւ 2009 թվականի հունվարյան նստաշրջանը:

Ինչ վերաբերում է բանտարկյալների խնդրին, ապա Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց, որ այդ կետում հայաստանյան պատվիրակությունը մի շարք ճշգրտումներ է մտցրել, որոնք հնարավորություն են տալիս պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իսկապես մասնակից են եղել բռնություններին:

Բանտարկյալների խնդրի հետ կապված` մինչեւ աշնանային նստաշրջանը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովին պետք է զեկույց ներկայացնի:

«Անդրադարձ է կատարվել [Հայաստանի քրեական օրենսգրքի] 225 եւ 300 հոդվածներով [«Զանգվածային անկարգություններ» եւ «Պետական իշխանությունը յուրացնելը»] քրեական հետապնդման ենթարկվող անձանց հետ կապված, եւ խոսքը վերաբերում է նրան, որ այն անձինք, ովքեր անձամբ չեն կատարել բռնի հանցագործությունները կամ չեն հրամայել դրանք կատարել, չեն օժանդակել, չեն պարտակել, պետք է անհապաղ ազատ արձակվեն», - ասաց Դավիթ Հարությունյանը: - «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն գործերին, որտեղ միակ ապացույցը միմիայն ոստիկանների տված ցուցմունքներն են, եւ եթե դրանք չեն ամրապնդվում որեւէ այլ կողմնակի ապացույցով, ապա այդ գործերի հետ կապված` հրավիրում է մեր ուշադրությունը Վեհաժողովը, որ ընդունելի չէ միմիայն այդ մեկ ապացույցի հիման վրա քրեական հետապնդում իրականացնելը»:

Բացի այդ, Հայաստանի պատվիրակության ղեկավարի խոսքերով, «կոչ կար անհապաղ դիտարկել բոլոր հնարավոր իրավական միջոցները` ներում, համաներում կամ որեւէ այլ միջոց, ինչպիսին, օրինակ, քրեական հետապնդման դադարեցումն է բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն կատարել բռնի հանցագործություններ»:

Դավիթ Հարությունյանը հաստատեց, որ համաներման կոչը մնում է բանաձեւում. - «Դա` որպես առաջարկություն այլ հնարավոր իրավական մեխանիզմների շարքում: Ընտրությունը, իհարկե, դարձյալ Հայաստանի իշխանություններինն է»:

Ազգային ժողովում ստեղծված` մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հետ կապված, ըստ Հայաստանի պատվիրակության ղեկավարի, բանաձեւում տեղ է գտել դրույթ, որ «ինքնին հանձնաժողովի ձեւաչափը չի կարող ապահովել անաչառություն եւ անկողմնակալություն»: Այդ հանձնաժողովում ընդգրկված տեղական եւ միջազգային փորձագետները խորհրդակցական ձայնի իրավունք չեն ունենա, ինչը առաջարկվել էր նախապես:

«Հիմնական նպատակը, իհարկե, վստահությունն է, եւ ինքնին կազմը դեռեւս չի նշանակում, որ այն կարող է գործել անկախ, թափանցիկ եւ վստահելի, եւ անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ: Այդ կապակցությամբ Վեհաժողովն առաջարկում է, որ իր աշխատանքային մեթոդները որդեգրելիս հանձնաժողովը փորձի հնարավորը անել, որպեսզի որոշումները կայացվեն համաձայնեցված բոլոր անդամների կողմից, այդ թվում նաեւ այն անդամների, որոնք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք, եւ քվեարկությունը օգտագործվի միայն որպես վերջին հանգրվան», - ասաց Դավիթ Հարությունյանը: - «Վեհաժողովը համաձայնեց, որ միջազգային փորձագետները եւ տեղական փորձագետները այն անձինք չեն, որոնք կարող են որոշումներ կայացնել, եւ նրանք չպետք է ունենան խորհրդակցական ձայնի իրավունք, որովհետեւ դա ավելի շատ քաղաքական խնդիր է` գնահատականներ տալը, եւ հիմնականում հենց քաղաքական ուժերն են դրա համար ներգրավված հանձնաժողովի կազմում»:

Բանաձեւում նաեւ կոչ է արվում, որպեսզի Ազգային ժողովի մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպանին շնորհվի խորհրդակցական ձայնի իրավունք:

«Վեհաժողովը նաեւ առաջարկել է, առաջին հերթին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին` իր հատուկ ներկայացուցչի միջոցով, ապահովել կապը ժամանակավոր հանձնաժողովի հետ, իսկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին` ապահովել եւ կոորդինացնել միջազգային փորձագետների աշխատանքը` որոշակի պայմաններով. եթե հանձնաժողովը իր գործունեության մեջ ապացուցում է, որ գործում է թափանցիկ, ունի հանրային վստահություն եւ անկախություն», - տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա հայաստանյան պատվիրակության առաջարկով բանաձեւի նախագծից հանվեց հեռուստաընկերությանը անհապաղ եթեր տրամադրելու պահանջը:

«Ա1+»-ի հետ կապված` Վեհաժողովը ընդունեց, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է լիցենզավորման օրենք, եւ կոչ արեց այսուհետ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի բոլոր մրցույթները` համապատասխան հեռուստատեսության եւ ռադիոյի լիցենզիաները բաշխելիս, [Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային] հանձնաժողովի բոլոր գործընթացները լինեն բաց, թափանցիկ եւ արդարացի», - նշեց Հայաստանի պատվիրակության ղեկավարը: - «Այդ [«Ա1+»-ին անհապաղ եթեր տրամադրելու] պահանջը հանվեց, որովհետեւ դա ուղղակիորեն հակասում է օրենքին, ուղղակիորեն հակասում է յուրաքանչյուր երկրի օրենքին»:

Հանրահավաքների մասին օրենքի վերաբերյալ Վեհաժողովը նշում է, որ այսօրվանից ուժի մեջ մտած օրենքը պետք է գործադրվի պատշաճ ձեւով, եւ իշխանությունները չպետք է անհարկի սահմանափակումներ կիրառեն:

Բանաձեւում Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ ընդդիմությունը չի ճանաչել նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG