Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մինչեւ ե՞րբ ենք պարտվելու եվրոպաներում» խորագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում է Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին ԵԽԽՎ-ի բանաձեւին, որտեղ Ղարաբաղին վերաբերող կետում անդրադարձ կա նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտյան բանաձեւին: «Մինչեւ ե՞րբ է շարունակվելու միջազգային տարբեր ատյաններում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անզորությունը մեր ագրեսիվ հարեւանների շարունակաբար ուժեղացող քաղաքական եւ քարոզչական պրեսինգի հանդեպ», - հարց է տալիս մեկնաբանը: - «Սեփական կատարյալ անկարողությունը բացատրելով ադրբեջանցիների հետ միջազգային ատյաններում պարբերաբար ծավալվող բանավեճերում վերջիններիս Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությամբ, մերոնք ոչ միայն փորձում են քողարկել իրականությունը, այլեւ կատարյալ ոչ իրազեկվածի տեղ են դնում հասարակությանը»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մարտի 1-ին հաջորդած չորս ամիսների ընթացքում իշխանությունները իրենց առջեւ մի հիմնական խնդիր էին դրել` «զանգվածային անկարգությունների», «սենսացիոն բացահայտումների» եւ համատարած ձերբակալությունների աղմուկի տակ մոռացության մատնել 10 հոգու սպանության փաստը: Սկզբում դա նրանց կարծես թե հաջողվում էր, բայց ի վերջո, ժողովրդի եւ միջազգային հանրության ճնշման տակ, ռեժիմը ստիպված եղավ ոչ միայն զոհերից մի քանիսին տուժող ճանաչել, այլեւ հրապարակավ ընդունել, որ առնվազն երեք հոգու ոստիկաններն են սպանել: Ընդ որում, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը նախօրեին հայտարարել է. - «Ես շարունակում եմ հարցնել, թե ի՞նչ տեղի ունեցավ այն մարդկանց հետ, ովքեր կատարել են այդ սպանությունները»: Պարզ ասած, ռեժիմին չհաջողվեց սպանությունների գործերը «ջրել»»:

«Թերթերը հունիսի 20-ի հանրահավաքի մասնակիցների թվի շուրջ դեռ «կռիվներ» են անում», - անդրադառնում է «Ժամանակ Երեւան»-ը: - «Առնվազն ծիծաղելի է, որ մեր գործընկերները փոխանակ փորձեն հավատարիմ մնալ իրենց կոչմանը եւ գոնե տեսնեն շատ ակնհայտ բաներ, ինչ-որ մաթեմատիկական հաշվարկներով են տարված: Այսինքն` մարդիկ գլխավորը` էությունը-բովանդակությունը թողած, ընկել են երկրորդականի` ձեւի հետեւից: Օրինակ` փաստը, որ փետրվարի 20-ից այս կողմ ժողովուրդը չի հանգստանում, որ 10 օր շարունակ բազմահազարանոց խաղաղ հանրահավաքներ էին տեղի ունենում, որ մարտի 1-2 եղավ, որ այսքան քաղբանտարկյալներ ունենք, որ դատարանների խեղկատակության ծայրը չի երեւում, որ կարող է քաղաքացիություն չստանալ մեկը, ով իր կյանքը չի խնայել իր հայրենիքի պաշտպանության համար, որ մի թերթի խմբագիր ազատազրկված է, իսկ մյուս թերթի խմբագիր` ընդհատակում, որ մարդուն կարող են հասցնել ինքնահրկիզման փորձի, որ… որ… Դեռ երկար կարելի է շարունակել»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում պատգամավոր Գալուստ Սահակյանը ասում է. - «Հունիսի 20-ի հանրահավաքը օրենքի խախտում էր, քանի որ միջոցառման համար քաղաքապետարանը տեղ չէր հատկացրել։ Իշխանությունը ոչ թե արգելում էր միտինգ անել, այլ չէր կարող նրանց տրամադրել պահանջվող տարածք։ Ի վերջո, լավ է, որ համագործակցություն եղավ, սակայն սա բացահայտ շփոթ առաջացրեց արմատականների ճամբարում։ Միտինգը 18։00-ին էր հրավիրված, բայց սկսվեց երկու ժամ ուշացումով։ Սա ապացուցում է, որ թեեւ չորս ամիս շարունակ միտինգ էին ուզում անել, բայց սցենար, նպատակ, ասելիք չունեին։ Ելույթներում էլ որեւէ նոր միտք չհնչեց։ Ակնհայտ է, որ հանրահավաք կազմակերպողները ոչ թե դա էին ուզում, այլ նոր բախումներ էին ակնկալում, դրան էին նախապատրաստված»։

Էջմիածնեցի «Արթուր Ասատրյանը, նույն ինքը` Պիպոն, որն այժմ ապրում է Իտալիայում եւ զբաղվում է գրասենյակային շենքերի շինարարությամբ, նաեւ` ոսկերչությամբ եւ ռեստորանային բիզնեսով», «168 ժամ» թերթի հրապարակման մեջ համեմատում է անցյալ ժամանակները եւ ներկան. - «Համեմատենք այն ժամանակների հետ, երբ իսկական հեղինակություններ կային, ու հիմա, որ ով փող ունի, իրեն հեղինակություն է համարում: Էն ժամանակներում ոչ թե հեղինակություններ են եղել, այլ եղել են հարգված տղերք, որոնց խոսքը ընդունելի է եղել: Ժամանակին միլպետները զանգում էին լավ տղերքին, ու նրանք մի րոպեում էդ հարցը լուծում-կարգավորում էին: Ոչ մի անգամ նման բեսպրեդել չի եղել: Հիմա 14 տարեկանից մինչեւ 50 տարեկան առանց զենքի տնից դուրս չեն գալիս: Խնդիրն էլ հենց նրանում է, որ հիմա չկա հեղինակություն… Հարցը ճշտության մեջ ա… Մարդ, որն իր ամբողջ կյանքում իր ինքնասիրությունը հարգելով է ապրել, կարող է` գնան-տնից հանեն, կնոջ եւ երեխաների մոտ ծեծեն, դա՞ է մեր երկրի ճիշտը: Բա էդ մարդու արժանապատվությունը վիրավորում են, ընտանիքի, երեխաների մոտ նվաստացնում-ծեծեւմ են, ինչ է թե` ինքը փող չունի, չի կարող ինքն էլ «ախրաննիկ» պահել: Դրանք միայն թույլ մարդիկ են: Նման մարդիկ, երբ դուրս են գալիս ուրիշ երկիր, կորում են, փոքր մարդ են դառնում»:

«Ազգ»-ը գրում է. - «Հռետորական հարց է կախվում օդում` պե՞տք է արդյոք իշխանություններին այսչափ սիրել կամ այսչափ ատել… Իշխանություններին սիրել կամ ատել պետք չէ: Իշխանությունները բոլոր երկրներում էլ նույնն են: Իշխանություններից պահանջել պիտի կարողանանք… Ընդդիմությունները բոլոր ժամանակներում էլ նույնն են` ե’ւ սրանցից առաջ, ե’ւ սրանցից հետո, պարզապես ընդդիմությունը այդպես իշխանության չէր ձգտի, եթե տեսներ, որ իշխանությունը միայն ծառայություն է նշանակում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG