Մատչելիության հղումներ

logo-print
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը այսօր Ստրասբուրգում հրավիրած ասուլիսում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի իշխանությունների կողմից թիվ1609 բանաձեւի կատարման ընթացքը, ասաց, թե իր համար Հայաստանում ամենակարեւորը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած սպանությունների հետաքննությունն է:

«Ես անհանգստացած եմ, որ դրան քիչ ուշադրություն է դարձվում: Շարունակում եմ հարցնել իմ հայ գործընկերներին՝ ի՞նչ է տեղի ունենում ոստիկանության հետաքննության հետ: Որոշ մարդիկ ասում են, թե ստեղծված հանձնաժողովը պատրաստվում է հետաքննել մարտի 1-ի իրադարձությունները: Բայց դա ոստիկանությանը չի ազատում այդ հետաքննությունից»,- ասաց Թերրի Դեւիսը` հավելելով, որ պետք է պարզել, թե ո՞վ է պատասխանատու այդ սպանություների համար:

«Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, որ մի շարք մարդիկ են ձերբակալվել, մեղադրվել, բայց ես շարունակում եմ հարցնել, թե ի՞նչ տեղի ունեցավ այն մարդկանց հետ, ովքեր կատարել են այդ սպանությունները», - ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

Նա հայտնեց, թե անհանգստացած է նաեւ «մարտ 1-ին տեղի ունեցած վանդալիզմի դրսեւորումներով, բայց գլխավորը այդ սպանություններն են». - «Անկարգությունների պատասխանատուներին բացահայտելը կարեւոր է, բայց առավել կարեւոր է պարզել, թե ով է կրակել»:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG