Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցում իր բարձրացրած հարցերին մինչ օրս պատասխան չի եղել:

Նրա կարծիքով` «այս նոր [Ազգային ժողովում կազմավորված` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր] հանձնաժողովը, որ ձեւավորվել է, նրա գործունեության հիմքում ընկած փաստաթղթերից մեկն էլ պետք է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը լինի»: «Եթե նրանք ինչ-որ հարցադրումներ են ուղղելու որոշակի մարմինների` կարծում եմ, պետք է հիմնվեն նաեւ այն հարցերին, որոնք գոյություն ունեն մեր զեկույցում», - ասաց Արմեն Հարությունյանը:

Օմբուդսմենը վստահեցրեց, որ անպատասխան են մնացել նաեւ իր զեկույցի շուրջ հունիսի 5-ին խորհրդարանում անցկացված լսումների ժամանակ բարձրացված հարցերը, ավելին` «նոր հարցեր են ի հայտ եկել, որոնք նույնպես պատասխանի կարիք ունեն». - «Որովհետեւ այսօր, միանշանակ, հետեւյալ խնդիրն է առաջ գալիս մահացածների հետ կապված` ասում են, որ այս ընդհանուր գործերը, որ հարուցել ենք, սա վերաբերում է նաեւ նրանց: Մենք այդպես չենք կարծում. հատկապես գոնե այն երեք հոգին, որոնք հատուկ միջոցների հնացած լինելու պատճառով մահացան` սրա մասով գոնե պետք է առանձին վարույթ լինի»:

Արմեն Հարությունյանի խոսքերով, այլ խնդիրներ էլ կան, մասնավորապես` կալանավորված պատգամավորների հետ կապված. - «Չորս ամիս է` նրանց նկատմամբ համարյա քննչական գործունեություն չի իրականացվել: Բայց հիմնավոր պատճառաբանություններ պետք է բերվեին, չէ՞, որ անձեռնմխելիությունից նրանց զրկեին: Այդ դեպքում տարօրինակ է, որ չորս ամսվա մեջ գործը դատարան չի գնացել: Այսինքն, եթե հիմնավորությունը պակաս է, դատարան չի գնում, ապա ինչի՞ հիման վրա միջնորդեց գլխավոր դատախազը, որպեսզի նրանց անձեռնմխելիությունից զրկեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG