Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան. «Ի՞նչ կապ ունեն տարածքը եւ ժողովրդավարական գործընթացը»


«Ես չգիտեմ` արդյոք ո՞ր արժեհամակարգի շնորհիվ Եվրախորհուրդը պետք է պաշտպանի այն թեզը, որ ժողովրդավարության հաստատումը կախված է տարածքից, տարածքի մեծությունից կամ դրա հետ կապված հարցերից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձեւում տեղ գտած մի շարք դրույթներ:

«Ի՞նչ կապ ունեն տարածքը եւ ժողովրդավարական գործընթացը: Դա պետք է սեփական ժողովրդին` ինչ տարածքի վրա էլ նա ապրի», - ընդգծեց նա:

Երեքշաբթի օրը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած` Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակին վերաբերող բանաձեւում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարության կայուն զարգացումը ծայրահեղ դժվար կլինի, քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ: Բացի այդ, ԵԽԽՎ-ի բանաձեւում ասված է, որ այս տարվա մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին», որում վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջել է հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը «գրավյալ» տարածքներից եւ մտահոգություն է արտահայտել, թե զինված հակամարտությունը Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում շարունակում է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:

ԵԽԽՎ-ի բանաձեւում տեղ գտած այս ձեւակերպումները փոխելու նպատակով հայկական պատվիրակության ներկայացրած առաջարկությունները մերժվել են:

«Այնտեղ կատարվում է հղում ՄԱԿ-ի` վերջերս ընդունված համապատասխան բանաձեւի վրա, որը ուղղակի միակողմանի հաստատումներ են, որոնք չեն էլ բխում Մինսկի խմբում քննարկվող այն սկզբունքներից, որ այսօր դրված են, ուղղակի հակասում են դրանց: Բայց օգտվելով ՄԱԿ-ում քվեարկությունների ընթացակարգից, երբ կարող են շատ փոքր թվով քվեարկողները վճռական դեր ունենալ բանաձեւի ընդունման հարցում, հիմա դա դարձել է հերթական, այսպես ասած, ՄԱԿ-ի բանաձեւը, որի վրա հղում են կատարում միակողմանիորեն», - շեշտեց Արմեն Ռուստամյանը` հավելելով. - «Մենք էլ ասում ենք, որ «պետք է մյուս փաստաթղթերն էլ օգտագործեք` հղում կատարեք, որպեսզի հավասարակշռությունն առնվազն պահպանվի». ի վերջո, այս միակողմանիությունը չի նպաստելու բանակցությունների կառուցողականությանը»:

Նշելով, որ «այս երկուսը, իհարկե, շատ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ», հայաստանցի խորհրդարանականը, միաժամանակ, համոզմունք հայտնեց, որ «ուղղակի ազդեցություն Մինսկի խմբի գործունեության վրա սա չի կարող ունենալ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքերի վրա նման փաստաթղթերի հնարավոր ազդեցությանը, ապա, Արմեն Ռուստամյանի խոսքերով` «այսպիսի ֆորումներում իրենց [ադրբեջանական կողմի] քարոզչությունը առաջ տանելու համար, հակաքարոզչությունը` ավելի ճիշտ, առաջ տանելու համար, աղավաղումների ավելի շատ լայն տարածում առաջացնելու համար դեր կունենան, բնականաբար»:

«Հերթական փաստաթուղթը կունենան, որ կարող են թափահարել տարբեր խորհրդարանական նման ասպարեզներում», - ամփոփեց հայաստանցի խորհրդարանականը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG