Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը «37-ին ավելի բարոյական էին» վերնագրի ներքո ներկայացնում է հարցազրույց փաստաբան Հովիկ Արսենյանի հետ: «Այժմ որակապես ավելի վատ վիճակ է: Այն ժամանակ անստորագիր նամակներ, զրպարտագրեր էին գրում կամ անձի նկատմամբ բռնություն գործադրելով էին ցուցմունք կորզում: Ինչ-որ տեղ ավելի բարոյական էր` ոստիկանության աշխատակցին չէին դարձնում վկա», - ընդգծել է փաստաբանը:

«Չորրորդ իշխանություն»-ը այսօր գրում է. - «Աղվան Հովսեփյանը այդպես էլ չի կարողանում մարտի 1-ի մարդասպաններին հայտնաբերել: Մինչեւ հիմա ում ասես «հայտնաբերել» է, բացի մարդասպաններից: Բայց, ինչպես երեկ հայտարարեց` «ակնհայտ է, որ երեք հոգին մահացել են ոստիկանության կողմից օգտագործված հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից»: Պարզ ասած, առնվազն երեք հոգու ոստիկաններն են սպանել: Առ այսօր որեւէ ոստիկան ձերբակալված չէ: Փոխարենը` Աղվան Հովսեփյանի հաջորդ նախադասությունը պարզապես ֆանտաստիկայի ոլորտից է. - «Ներկայումս քննություն է տարվում պարզելու, թե հատուկ միջոց ստացած ոստիկաններից յուրաքանչյուրը դեպքի օրը կոնկրետ որտեղ է իրականացրել ծառայությունը»: Պատկերացնո՞ւմ եք, մարտի 1-ի դեպքերից համարյա 4 ամիս է անցել, բայց մինչեւ հիմա դեռ պարզ չէ, թե ոստիկանական որ ստորաբաժանումը որտեղ է ծառայություն իրականացրել»:

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին` նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «ժամանակ Երեւան» թերթում ասում է. - «Տեղազննության մասին օրենքը խախտվել է նաեւ նրանով, որ տեղազննությունը կատարվել է հատուկ միջոցներով սպառազինված եւ հանդերձավորված ոստիկանության ներքին զորքերի ծառայողների կողմից, մինչդեռ օրենքի համաձայն` դա կարող էր կատարել միայն քննիչը: Սա ինձ հիշեցնում է իմ ուսանող տարիների հետ կապված մի դեպք: Ոստիկանության բաժիններից մեկում «պրակտիկայի» էինք գնացել: Մի սենյակից աղեկտուր, անմարդկային ձայն էր գալիս: Սենյակից դուրս եկած սպան մեզ պարզաբանեց, որ… մատնահետքեր են վերցնում: Աստված հեռու պահի այսպիսի մատնահետքեր վերցնողներից եւ մարտի 1-ի նման տեղազննություն կատարողներից: Եթե շարժվելու լինենք այս տրամաբանությամբ, ուրեմն չզարմանանք, երբ Թուրքիան կամ Ադրբեջանը հայտարարեն, որ 1915 թվականին Թուրքիայում կամ Բաքվում, Սումգայիթում ուղղակի տեղազննություն են կատարվել հայաբնակ վայրերում, քանի որ օպերատիվ տվյալներ են ունեցել, որ հայերը զենք են ունեցել»:

«Նախկին նախագահը հունիսի 20-ին էլ, ինչպես ասում են, «ձիու վրա էր»», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Սովորականի պես անխնա էր ինչպես քննադատության, այնպես էլ դրանից բխող գնահատականների ու բնորոշումների առումով։ Սակայն Տեր-Պետրոսյանը չէր կարող շրջանցել այն իրողությունը, որ ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվել է նոր իշխանություն, որն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել՝ ինչպես երկրի ներքաղաքական մթնոլորտը լիցքաթափելու, այնպես էլ առանձին ոլորտների բարեփոխում ձեռնարկելու ուղղությամբ։ Հունիսի 20-ին Տեր-Պետրոսյանը պարտավոր էր տալ այդ քայլերի քաղաքական գնահատականը… Կարծում ենք, հունիսի 20-ին իսպառ անտեսելով նոր նախագահի ու կառավարության անցած ամիսների գործունեության մեջ եղած դրականը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե վեր հանեց օբյեկտիվ իրականությունը, այլ ապացուցեց իր գնահատականների ծայրահեղ սուբյեկտիվությունը»։

«Հրապարակ»-ը գրում է. - «Ընդդիմության ճամբարից ոմանք կասկածներ ունեն, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր մտերիմները Հայաստանի նախագահի նոր թեկնածու են պատրաստում: Տեր-Պետրոսյանը իր խնդիրը տեսնում է ժողովրդական շարժումը որոշակի մակարդակի հասցնելու եւ նոր լիդեր պատրաստելու մեջ: Դեռեւս «իրավահաջորդի» անունը թաքցնում են, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ ընտրությունը կանգնել է Դավիթ Շահնազարյանի վրա: Նա համարվում է նախկին իշխանության ամենաքիչ վարկաբեկված անձանցից մեկը, արտերկրում լավ կապեր ունի եւ այժմ կապավորի դեր է ստանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ միջազգային կառույցների միջեւ»:

«Հայկական ժամանակ». - «Պարզվում է` պետք էր ընդամենը, որ Սերժ Սարգսյանը նստի Հայաստանի նախագահի աթոռին, որպեսզի մեկ զարկով վերջ դրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությանը, որ արդեն կես դարից ավելի իրականացվում է ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի կողմից: Ընդ որում, վերջին 10 տարվա ընթացքում այս հարցը եղել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային հարցերից մեկը: Եվ ահա, Սերժ Սարգսյանը, ո’չ այս կողմ, ո’չ այն կողմ, հայտարարում է, որ ինքը դեմ չէ ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: «Մենք դեմ չենք նման հանձնաժողովի ստեղծմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ կբացվի մեր երկրների միջեւ սահմանը», - Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Վերջինս, ըստ էության, համաձայնել է թուրքական այն տեսակետին, թե դեռ պետք է ապացուցվի, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է իրականացվել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG