Մատչելիության հղումներ

Բաբաջանյանի աջակիցները ցույց անցկացրին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ


«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի աջակիցները երեկ բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանում Միացյալ Նահանգները դեսպանության շենքի մոտ` Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու պահանջով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ցույցի մասնակիցներից Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դեսպանատան շենքից ցուցարարների հետ կարճատեւ զրույցի դուրս եկավ այս օրերին Երեւանում գնտվող Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերը:

«Նա [Կրամերը] զրուցեց ցուցարարների հետ, ասաց, թե ինչ առաքելությամբ է այստեղ, ասաց, որ ողջունում է մեր ակցիան, եւ ամեն ինչ հաշվի կառնի», - փոխանցեց Փոստանջյանը:

Ցուցարարները Դեյվիդ Կրամերին են հանձնել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ստորագրությամբ նամակ, որի հիմնական պահանջը, ինչպես ասաց Փոստանջյանը, վերաբերում է Արման Բաբաջանյանին:

Արման Բաբաջանյանը, ով զինծառայությունից խուսափելու մեղադրանքով դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, անազատության մեջ է արդեն 2 տարի: Նրան վաղաժամկետ ազատ արձակելու մասին մի քանի միջնորդություն մերժվել է:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG