Մատչելիության հղումներ

Freedom House-ի «Անցումային երկրների» 2009 թվականի զեկույցը «ավելի բացասական կլինի»


«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը այսօր հրապարակել է «Անցումային երկրների» զեկույցը, որով յուրաքանչյուր պետությանը տալիս է գնահատականներ 9-ը ցուցիչներով՝ «ընտրական գործընթաց», «քաղաքացիական հասարակարգ», «անկախ մամուլ», «կառավարում», «Պետական դեմոկրատական կառավարում», «տեղական դեմոկրատական կառավարում», «իրավական դաշտի անկախություն», «կոռուպցիա» եւ «դեմոկրատիայի միավորներ»:

«Ֆրիդոմ Հաուս»-ը գնահատականները տալիս է 1-ից 7 սանդղակով.1-ը բարձրագույն դրական, իսկ 7-ը նվազագույն բացասական գնահատականն է:

Հայաստանի պարագայում 9-ը ցուցիչներից առավել դրականը «քաղաքացիական հասարակարգի» ցուցիչն է՝ 3.50 բալլ:

«Իրավական դաշտի անկախության» ցուցիչով գրանցվել է 0. 25 նահանջ: Իսկ «ընտրական գործընթացով» 0.25 միավորի առաջխաղացում է, ինչը կարող էր զարմանք առաջացնել փետրվարի 19-ից նախագահական ընտրություններից համատեքստում, եթե չլիներ դրա հստակ պարզաբանումը՝ «Ֆրիդոմ Հաուս»-ի «Անցումային երկրների» զեկույցում ընդգրկված են նախորդ օրացույցային տարվա՝ 2007-ի իրադարձությունները:

Զեկույցի հայկական մասը պատրաստել է փորձագետ Աննա Ուոքերը Լոնդոնից: «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ասել է, թե «շատ կարեւոր է ընդգծել, որ այս զեկույցում 2007-ի զարգացումներն են, այսինքն 2008-ի նախագահական ընտրություններին անդրադարձ չի եղել: Դրա համար էլ գրանցվել է «ընտրական գործընթացի» բարելավում, քանի որ դիտորդները որպես որոշակի առաջխաղացում էին գնահատել մայիսի 12-ի քվեարկությունը»:

Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այդ դեպքում 2009-ի զեկույցն ավելի բացասական կլինի, Աննա Ուոքերն ասել է, որ ինքը, անշուշտ, ավելի մանրամասն կվերլուծի 2008-ի իրադարձությունները:

«Այդ զարգացումները լուրջ մտահոգություն են հարուցել, եւ ես ենթադրում եմ, որ «ընտրական գործընթացի» ցուցիչով կգրանցվի որոշակի նահանջ: Իհարկե, «Ֆրիդոմ Հաուս»-ը այդ ամենը պետք է քննարկի, վերլուծի` ճիշտ գնահատականն ընտրելու համար», - ասել է Աննա Ուոքերն ու հավելել, թե կարելի է «վատթարացում ակնկալել նաեւ այլ ցուցիչների վերաբերյալ»:

Հաջորդ զեկույցում հաշվի կառնվեն 2008 թվականի փետրվար-մարտից հետո անկախ մամուլի նկատմամբ ընդունված սահմանափակումները: Բացի այդ, անպայման քննարկման թեմա կդառնան ցույցարարների հանդեպ կիրառված գործողությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Ֆրիդոմ Հաուս»-ի «Անցումային երկրների» զեկույցի հայկական մասի հեղինակ Աննա Ուոքերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG