Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր էին, այդ թվում` տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներին վերաբերող, ինչպես նաեւ կոորդինացված համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպություններում, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, որտեղ Հայաստանը այս տարի նախագահելու է:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Հանդիպման սկզբին Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին հրավիրել է Հայաստան: «Հրավիրում եմ ձեզ Հայաստան ցանկացած պահի, երբ ձեզ հարմար է», - ասել է նա:

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար:

Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին Հայաստան էր հրավիրել նաեւ հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Ինքը Սերժ Սարգսյանը արդեն երրորդ անգամ է հանդիպում Դմիտրի Մեդվեդեւին եւ ԱՊՀ-ի երկրների առաջին նախագահն է, որ Մեդվեդեւի նախագահության օրոք պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:

Նախագահների հանդիպմանը հաջորդել է երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքներով երկու պետությունների ղեկավարները Համատեղ հայտարարություն են ընդունել, որն ընդգրկում է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն սպեկտր:

14 կետից բաղկացած հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը «կառուցելու են իրենց հարաբերությունները լայնամասշտաբ ռազմավարական գործընկերության հիման վրա` փոխադարձ վստահության ոգով, առաջնորդվելով ինքնիշխանության հարգման, վեճերի խաղաղ կարգավորման եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության եւ փոխադարձ շահի սկզբունքներով»:

Համաձայն հայտարարության` Ռուսաստանը եւ Հայաստանը «հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս արագ լուծման օգտին, բացառապես խաղաղ միջոցներով` արդարացի, բոլոր կողմերի համար ընդունելի հիմքի վրա, եւ ողջունում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կառուցողական ջանքերը` ուղղված հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»:

Պաշտոնական Մոսկվան եւ Երեւանը «առաջնահերթ նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը»: Երկու երկրների նախագահները «հանդես են գալիս Կովկասում երկաթուղային եւ այլ տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ վերագործարկման օգտին եւ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարության հեղինակները նաեւ մտադրություն են հայտնում «շարունակել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը ուղղված չէ երրորդ երկրների դեմ»:

Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը նաեւ համատեղ ասուլիս են տվել, որի ժամանակ դրական են գնահատել կայացած բանակցությունները:

Մեդվեդեւը նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը ակտիվորեն զարգանում է, մասնավորապես` երկկողմ ապրանքաշրջանառությունը մոտենում է տարեկան 1 միլիարդ դոլարին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը գլխավոր ներդրողն է Հայաստանի տնտեսությունում` կապիտալ ներդրումների մոտ 1,2 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով:

Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում առկա ճգնաժամերի խաղաղ կարգավորման օգտին եւ պատրաստ է նպաստել դրան. - «Այդ ամենը ամբողջովին վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին»:

Սերժ Սարգսյանը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ իր այցը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման խթան կհանդիսանա:

Հայաստանի նախագահն ընդգծել է այսօրվա բանակցությունների «բովանդակալից եւ վստահելի» բնույթը, որոնք, ըստ նրա, եւս մեկ անգամ հաստատեցին «մեր դաշնակցային հարաբերությունների ռազմավարական մակարդակը»:

Այսօր երեկոյան Հայաստանի նախագահը հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկուշաբթի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ խոսել է Ռուսաստանի հայ համայնքի մասին` որպես աշխարհի ամենամեծ հայ համայնքի եւ, միաժամանակ, վատ կազմակերպված համայնքի մասին:

Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես, ասելով. - «Պատրաստ եմ Հայաստանի շահից ելնելով բանակցել եւ աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ: Լուրջ քայլեր են ձեռնարկվել հետընտրական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»:

Հայ - թուրքական հարաբերությունների առնչությամբ Հայաստանի նախագահը հայտնել է, որ մտադիր է առաջիկայում նոր քայլեր ձեռնարկել դրանք խթանելու ուղղությամբ:

«Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը», - ասել է Սերժ Սարգսյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG