Մատչելիության հղումներ

Իրանը «ապօրինի» է որակում Եվրամիության պատժամիջոցները


Իրանի արտգործնախարարության խոսնակ Մոհամադ Ալի Հոսեյնին այսօր հայտարարել է, թե իր երկրի նկատմամբ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցներն «ապօրինի» են եւ կարող են վնաս հասցնել պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վեճի կարգավորման դիվանագիտական ջանքերին:

«Երկուշաբթի օրը Իրանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները կարող են միայն խթանել միջուկային ծրագիրը շարունակելու Իրանի վճռականությունը», - ասել է Մոհամադ Ալի Հոսեյնին:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` արեւմտյան երկրների ղեկավարները համոզված են, որ նավթի համաշխարհային շուկայում չորրորդ ամենախոշոր արտահանող Իրանը միջուկային ռումբ ստեղծելու նպատակ է հետապնդում: Իրանը վստահեցնում է, որ ունի սոսկ խաղաղ միջուկային ծրագիր իրականացնելու ինքնիշխան իրավունք:

Եվրամիության սահմանած պատժամիջոցների թվում է Իրանի ամենախոշոր դրամատան՝ «Մելլի» բանկի հաշվեհամարների սառեցումը:

«Այս ապօրինի կեցվածքը միանգամայն անիմաստ է, մենք այն խստորեն դատապարտում ենք», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը եւ հավելել. - «Այդ վճիռը չի նպաստի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ապահովմանն ու վեճի դիվանագիտական կարգավորմանը»:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` «դիվանագիտական կարգավորման» մասին ակնարկը վերաբերում է Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի նախաձեռնությանը. Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերը տնօրինող Սոլանան ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից հունիսի 14-ին Իրանին առաջարկել էր առեւտրի եւ այլ բնագավառներում բարենպաստ պայմաններով համագործակցության ծրագիր` պայմանով, որ Իրանը կդադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները:

Իրանը պատասխան առաջարկների փաթեթ է ներկայացրել, սակայն հրաժարվել է զիջել ուրանի հարստացման առանցքային հարցում:

Ավելի վաղ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած Ամերիկայի Միացյալ Նահանգները մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական եղանակով, սակայն չի բացառում հարկ եղած դեպքում ուժի դիմելու տարբերակը:

«Նյու 3որք Թայմս»-ը անցած ուրբաթ օրը վկայակոչել է ամերիկացի պաշտոնյաներին, որոնք ասել են, թե վերջերս Իսրայելի անցկացրած խոշոր զորավարժությունների ակնհայտ նպատակն էր մշակել Իրանի միջուկային օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու գործողությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG