Մատչելիության հղումներ

Հովհաննես Իգիթյան. «Փորձում եմ Ստրասբուրգում ներկայացնել Հայաստանի իրական պատկերը»


«Ես գտնում եմ, որ այստեղ ես ավելի օգտակար կլինեմ, եւ փորձում եմ, օգտագործելով իմ հին կապերը Եվրախորհրդում, ներկայացնել Հայաստանի իրական պատկերը` կապված քաղբանտարկյալների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց արդեն երեք ամսից ավելի Ստրասբուրգում գտնվող` ՀՀՇ-ի վարչության անդամ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մարդ կա, որը երաշխավորված է, որ գիշերը բերման չի ենթարկվի ոստիկանություն, բայց այդ պատճառով չէ, որ ես այստեղ եմ», - հայտարարեց նա: - «Այսօր մարդիկ արդեն 4 ամիս նստած են, եւ որեւէ շարժում չկա, եւ ահա սրա մասին ենք մենք այստեղ խոսում, եւ այս ուղղությամբ փորձում ենք գտնել էֆեկտիվ մեխանիզմներ»:

Իգիթյանը հաստատեց, որ Ստրասբուրգում որոշակի տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ. - «Օրինակ, Հայաստանի կառավարությունը ներկայացրել է այստեղ մի փաստաթուղթ, որ մոտ 40 տոկոս քաղբանտարկյալների ազատ է արձակվել եւ ընդամենը 17 հոգի են հիմա նստած: Դա բացարձակ դեմագոգիա է եւ սուտ է, եւ ես չեմ գտնում, որ իմ կողմից ճշմարտություն ներկայացնելը ինչ-որ ձեւով կարելի է գնահատել որպես Հայաստանի Հանրապետության դեմ գործունեություն: Իրականում այսօր [Քրեական օրենսգրքի] 300 հոդվածով որեւէ առաջընթաց չկա, եւ այդ մարդիկ, որոնք նստած են, այդպես ասած` «իշխանությունը զավթելու» հոդվածով, նրանք նստած են ոչ մի բանի համար: Որովհետեւ այս հոդվածը նախատեսված է հենց հակառակը` այն մարդկանց համար, որոնք ընտրությունները կեղծելու միջոցով եկել են իշխանության»:

«Թե դուք տեսնում եք այդ գործընթացը, որը տեղի է ունենում Հայաստանում` «Մարտի 1»-ի հանձնաժողովի հետ կապված, դուք նայեք ովքեր են այդ հանձնաժողովում. դուք տեսնո՞ւմ եք այդտեղ որեւէ մարդ, որը կարող է քաջ, համարձակ ձեւով այնտեղ ասել այդ «Մարտի 1»-ը կազմակերպող մարդկանց անուններ` սկսած Ռոբերտ Քոչարյանից: Դուք որեւէ մարդ տեսնո՞ւմ եք այնտեղ` իրենց քաղաքական կենսագրության մեջ դուք որեւէ անգամ համարձակ հայտարարություն տեսե՞լ եք` ոչ: Եվ եթե «Մարտի 1»-ի հանձնաժողովը նորմալ լիներ, նորմալ ձեւակերպվեր, այսօր լրիվ ուրիշ մարդիկ կլինեին բանտում», - համոզմունք հայտնեց Հովհաննես Իգիթյանը` հավելելով. - «Որովհետեւ մենք արդեն` բոլորս, եւ այստեղ` [Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցող հայաստանյան] պատվիրակության անդամները, այդ թվում իշխանության կուսակցությունների անդամները, շատ լավ հասկանում ենք, որ «Մարտի 1»-ը կազմակերպվել է նախագահական շենքում, եւ այն մարդիկ, որոնք նստած են, այսօր որեւէ կապ չունեն այդ հոդվածի հետ»:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG