Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենը հերքում է հիմնադրամի վերաբերյալ բացասական հրապարակումները


«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արա Վարդանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքեց հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերջերս մամուլի տարածած բացասական լուրերը, մասնավորապես` նվիրատվությունների վատնման եւ փոշիացման մասին:

«Նույնիսկ մի թերթում կար հոդված, որ Սփյուռքը բողոքում է, որ հիմնադրամի գումարներով պաշտոնյաների համար հիմնադրամը գնել է «ջիփ»-եր: Պաշտոնապես ուզում եմ հերքել` այդպիսի բան գոյություն չունի, հիմնադրամը երբեւիցե ոչ մի պաշտոնյայի համար «ջիփ» չի գնել եւ չի էլ գնելու», - հայտարարեց Արա Վարդանյանը` հավելելով. - «Հիմնադրամը անցնում է երկու տեսակի աուդիտ` ֆինանսական եւ ֆիզիկական: Այս բոլոր ստուգումներով հանդերձ` հիմնադրամը ուղղակի չէր կարող գումարների ոչ պատշաճ տնօրինում ունենալ»:

«Հայաստան» հիմնադրամի` անցած տարվա նոյեմբերին կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել էր 15 միլիոն 270 հազար դոլար: Դա ամենաարդյունավետ մարաթոնն էր` ամենամեծ մուտքով: Հեռուստամարաթոնի ընթացքում ոչ միայն անմիջապես գումարներ են հավաքվում, այլեւ դրանց մի մասը ուղղակի հայտարարվում է խոստումի ձեւով: Ըստ հիմնադրամի փոխտնօրենի, պատահում է, որ նույնիսկ խոստացածից ավելի են տալիս, սակայն պատահում է նաեւ հակառակը` խոստումը չեն կատարում, թեեւ այդպես ավելի հազվադեպ է լինում: Սովորաբար տարվա կեսին հավաքված է լինում ամբողջ գումարի մոտ 50 տոկոսը, եւ հիմա էլ, ինչպես վստահեցնում է Արա Վարդանյանը, շեղում չկա. - «Մոտավորապես 7 միլիոնի չափ արդեն ստացել ենք: Եվ նորից եմ ուզում շեշտել` պետք չէ կարծել, որ 15-ից 7 է: Ոչ, 15-ից կլինի 13-14. սովորաբար հիմնադրամի ցուցանիշը տատանվում է 90-95 տոկոսի սահմաններում: Ուղղակի կան տեղական մարմիններ` հիմնադրամի ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են գումարը, բայց դեռեւս չեն ընտրել ծրագիրը»:

Արա Վարդանյանի փոխանցմամբ` կան երկու մեծահահարուստներ, որոնք խոստացել են գումարը, «եւ ներկայումս մենք բանակցում ենք իրենց հետ»: Այդ երկու մեծահարուստները միասին, ըստ Վարդանյանի, խոստացել են մեկ միլիոն դոլար:

«Այս հեռուստամարաթոնին ամենամեծ բարերարը եղել է Լեւոն Հայրապետյանը, որը 2,5 միլիոն է խոստացել, եւ արդեն այս պահին նա բանակցում է Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ, որպեսզի ստանձնի իր ծրագրերը: Եվ կան երկու հոգի` Լուիզ Սիմոն Մանուկյան եւ Հրայր Հովնանյան, որոնք խոստացել են 500-հազարական դոլար: Երկուսն էլ չեն մերժում. հենց երեկ ես խոսակցություն եմ ունեցել մեր Նյու Յորքի գրասենյակի հետ. Լուիզ Սիմոն Մանուկյանը վերահաստատել է, որ պատրաստ է տրամադրել փողը: Խնդիրը այն է, որ ուղղակի նա պետք է ընտրի ծրագիր», - ասաց «Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենը:

Արա Վարդանյանի վկայությամբ` նախկինում եւս Լուիզ Սիմոն Մանուկյանը պահանջել է ծրագիր` գումարը տալու համար. - «Ուղղակի խնդիրն այն է, որ նախկինում հիմնադրամի ծրագրերը եղել են շատ ավելի ընդունելի ու հասկանալի ու համապարփակ, օրինակ` Հյուսիս - Հարավ [ավտոմայրուղին]: Ինքը անպայման ուզում է ստանալ մեր մոտից ծրագիր, որի դիմաց կծախսվի իր գումարը: Քանի որ Լուիզ Սիմոն Մանուկյանը տարիներ ի վեր հիմնադրամին գումար է տրամադրել շինարարական ծրագրերի համար, ենթակառուցվածքի զարգացման, այս տարի տիկին Մանուկյանը որոշել է, որ ուզում է մասնակցել ավելի շատ սոցիալական զարգացման ծրագրերի, որը հիմնադրամի համար նոր ոլորտ է: Եվ քանզի դա նոր ոլորտ է, մեզ համար էլ մի քիչ ավելի շատ ժամանակ է պահանջվում»:

Հիմնադրամի փոխտնօրենը վտանգավոր համարեց ստահոդ լուրերի տարածումը, քանի որ եթե անգամ խնդիրներ չկան, նման լուրերը կարող են բերել մեծ շեղումներ. - «Շատ վտանգավոր է խաղալ համահայկական հիմնադրամի հեղինակության հետ: Հոդվածում պարունակված սուտ տեղեկությունը կրճատում է մեկ դպրոց` Հայաստանում կամ Ղարաբաղում: Եվ ոչ թե Հայաստանի ներքաղաքական վիճակն է դա կրճատելու, այլ լրագրողի գրածն է դա կրճատելու, քանի որ նրանից, որ Հայաստանում քաղաքական վիճակը միգուցե եւ մի քիչ սրված է` մեր գումարները չեն պակասել եւ չեն պակասելու»:

Մասնավորապես, Արա Վարդանյանը վստահեցրեց, որ Լոս Անջելեսում, ուր Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ կապված բողոքի ակցիաներ էին անցկացվում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակը ապահովել է խոստացված գումարների 99 տոկոս հավաքագրում:

Միաժամանակ, փոխտնօրենը դժվարացավ մեկնաբանել հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցի հավանական հրաժարականի վերաբերյալ հրապարակումները` ասելով. - «Ես չգիտեմ, ես ոչ հաստատում եմ իր հրաժարականը, ոչ մերժում, որովհետեւ ես տեղյակ չեմ»:


Շաքե Ավոյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանց)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG