Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր որոշ ուժեր կմասնակցեն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքին


Ընդդիմադիր որոշ ուժեր մտադիր են մասնակցել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին:

Նախագահության նախկին թեկնածուներից՝ Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանին ներկայացնելու է կուսակցության տարածքային կառույցներից մեկի ղեկավար Արտավազդ Վարդանյանը, Արամ Հարությունյանին՝ անկուսակցական իրավաբան Մհեր Վասիլյանը: Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հրավերը մերժել է:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից պաշտոնական պատասխան չի ստացվել:

Ընտրությունների ժամանակ ձայների 3 տոկոսից ավելի հավաքած արտախորհրդարանական 3 ուժերից հրավերն արդեն ընդունել են «Ազգային միաբանություն»-ը, որը կներկայացնի կուսակցության փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը, եւ Միավորված աշխատանքային կուսակցությունը, որի ներկայացուցիչը հանձնաժողովում լինելու է կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նա հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին, որ ներկուսակցական խորհրդակցությունների արդյունքում նման որոշում է ընդունվել «շահարկումներին տեղիք չտալու համար»:

Առայժմ անորոշ է «Նոր ժամանակներ» կուսակցության արձագանքը:

Թափուր են նաեւ «Ժառանգություն» խմբակցության երկու տեղերը:

Ինչ վերաբերում է միջազգային փորձագետների մասնակցությանը, ապա խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հայտնել է, որ թե' Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, թե' ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը դեռեւս չեն արձագանքել ժամանակավոր հանձնաժողովի համար փորձագիտական եւ մեթոդական աջակցության նրա՝ հունիսի 18-ի նամակին:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG