Մատչելիության հղումներ

Ջոզեֆ Փենինգթոն. «Հուսով ենք, որ դեսպան Յովանովիչի թեկնածությունը կհաստատվի»


Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «շատ նորմալ» գնահատեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման գործընթացը, որը Սենատում սկսվել է անցած շաբաթավերջին:

«Սա մեր ժողովրդավարական գործընթացների մի մասն է. Սենատին վերապահված է դեսպանի թեկնածության հաստատման լիազորություն», - նշեց Ջոզեֆ Փենինգթոնը` որպես գործընթացի ձգձգման պատճառ մատնանշելով այն փաստը, որ Յովանովիչին ուղղվել են բազմաթիվ հարցեր եւ պետք է հնչեն դրանց պատասխանները, ինչից հետո Սենատը համապատասխան քայլեր կձեռնարկի:

«Հուսով ենք, որ դեսպան Յովանովիչի թեկնածությունը կհաստատվի եւ նա հնարավորինս շուտ կժամանի Երեւան, բայց որոշումը պետք է կայացնի Սենատը: Սակայն չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինեն Սենատի գործողությունները, պարզապես դեսպանի նշանակումը շատ կարեւոր է հայ - ամերիկյան հարաբերությունների համար», - ընդգծեց հավատարմատարը:

Խոսելով հայ - թուրքական հարաբերությունների մասին` Ջոզեֆ Փենինգթոնը վստահեցրեց, որ եթե Միացյալ Նահանգները կարող է նպաստել դրանց բարելավմանը, ապա միշտ պատրաստ է:

Փենինգթոնն «ինքնին հասկանալի եւ պարզ» որակեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի վերջերս արած հայտարարությանը, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել Թուրքիայի ներկայիս սահմանը եւ զերծ մնա Թուրքիայի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից:

«Առաջընթաց ունենալու համար երկու կողմերը պետք է միասին աշխատեն ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալու համար, եւ պետքարտուղարի տեղակալ Ֆրիդը նշում է այն հարցերը, որոնք կարող են արծարծվել կողմերի միջեւ, սակայն դա ուղղակիորեն երկու երկրների կառավարությունների խնդիրն է, որպեսզի կարողանան միասին լուծումներ գտնել», - հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատարը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG