Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում մեկնարկեց ՆԱՏՕ-ի շաբաթը, որի շրջանակներում այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացավ ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին փոխօգնական Ռոնալդ Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Գրքի հեղինակը փորձել է բացատրել, թե ինչպե՞ս ծնվեց ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը, ինչպե՞ս է այն ընդգրկվել ԱՄՆ-ի, այնուհետեւ Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականության մեջ եւ ինչպե՞ս է իրագործվել այդ քաղաքականությունը:

Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, պատասխանելով Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը Ռուսաստանի արձագանքի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, հայտարարեց. - «Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մտնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների մեջ»:

«Հայաստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն, եւ շուտով, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկիր, Հայաստանը կդառնա նախագահող երկիր, եւ մենք այդ ուղղությամբ նույնպես զարգացումներ ունենք», - ասաց փոխարտգործնախարարը` հավելելով. - «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա հստակ այդ [ՆԱՏՕ-ի հետ համագործակցության Անհատական] գործողությունների ծրագիրը մենք փորձում ենք իրականացնել այնպես, որ օգտակար լինի մեր ժողովրդին»:

Հայաստանի Ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը, իր հերթին, ընդգծեց. - «Ռուսաստանի կոշտ կամ փափուկ դիրքորոշումը այստեղ ինձ չի թվում, թե ինչ-որ խնդիր պետք է առաջացնի մեզ համար` մեր քայլերը հաշվարկելու: Ի վերջո, մեր համագործակցությունը ուղղված է մեր երկրում բարեփոխումներ անելուն: Վերջնական անդամակցության կամ ոչ անդամակցության հարցեր այսօրվա դրությամբ դրված չեն սեղանին` քննարկման իմաստով, եւ ինձ չի թվում, թե պետք է փորձենք նայել` կողքում ինչ է տեղի ունենում, եւ դրանով առաջնորդվենք»:

Գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:

ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանելու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոն:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG