Մատչելիության հղումներ

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն այսօր երեկոյան հրապարակելու է հերթական զեկույցը, որի վերաբերյալ որոշ մանրամասներ արդեն հայտնի են դարձել «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությանը: Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Բեռլինի պատի փլուզումից շուրջ երկու տասնամյակ անց «ամբողջական եւ ազատ Եվրոպայի տեսլականը տակավին մնում է չիրականացված»:

«Ասոշիեյթեդ փրես»-ի մեկնաբան Բարրի Շվայդի փոխանցմամբ` օրըստօրե թանկացող գազի եւ նավթի վաճառքից հսկայական եկամուտներ ապահոված Ռուսաստանը տարածաշրջանում դարձել է հակաժողովրդավարական հիմնական ուժը:

«Ժամանակի ընթացքում մենք համոզվում ենք, որ կա ուղղակի կապ նավթի գնաճի եւ Ռուսաստանում, Ադրբեջանում ու Ղազախստանում ժողովրդավարության անկման միջեւ», - ասել է Freedom House-ի հետազոտությունների բաժնի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը եւ հավելել. - «Բնական պաշարների անեծքն իրականանում է»:

Զեկույցում նշվում է, որ ԱՊՀ-ի այդ երեք երկրներում զարգացումը հիմնականում ապահովել է անցած տասնամյակում գնաճ գրանցած բնական էներգակիրների վաճառքը, եւ այդ նույն ժամանակաշրջանում գրանցվել է ժողովրդավարական արժեքների անկում: Ռուսաստանում անցյալ տարի ակնհայտ է դարձել, որ Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակաշրջանում կայացել է նոր վերնախավ, որը յուրացրել է իշխանությունը: «Ավտորիտար կապիտալիզմի», պետության, արդյունաբերության եւ անվտանգության ծառայության ղեկավարների «երկաթե եռանկյունու» ձեւավորումը հանգեցրել է ընտրությունների ինստիտուտի թուլացմանը, ինչպես նաեւ մամուլի եւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերահսկողության աճին:

«Իրավական համակարգի առանցքը՝ դատարանները դառնում են հզոր իշխանավորների թիրախը եւ չեն կարողանում ապահովել անկողմնակալ, անկախ արդարադատություն», - ընդգծել է Ուոքերը:

Անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցների խնդրին` Ուոքերն ասել է, թե «իրենց հսկայական միջոցների եւ լծակների պահպանմամբ մտահոգված ազդեցիկ իշխանավորներն ամեն ինչ անում են մամուլում այդ թեմաների քննարկումը կանխելու համար, ինչն է’լ ավելի է նպաստում ճնշումներին»:

«Աճող ավտորիտարիզմը ազդում է նաեւ արտաքին քաղաքականության վրա. Ռուսաստանն իր հարեւանների հանդեպ դարձել է առավել պահանջկոտ, հաճախ նաեւ՝ ռազմատենչ», - ասել է Freedom House-ի հետազոտությունների բաժնի տնօրենը` օրինակ բերելով Էստոնիայի եւ հատկապես Վրաստանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի իրականացրած քայլերը:

Freedom House-ի զեկույցում նշվում է, որ տակավին հայտնի չէ, թե Ռուսաստանում ինչ դրսեւորումներ կունենա ավտորիտար գործելակերպը նոր նախագահի օրոք:

«Ստաձնելով իշխանությունը` Դմիտրի Մեդվեդեւը պարտավորվել է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները եւ ազատությունները եւ հավաստիացրել է, որ դրանք հասարակության բարձրագույն արժեքներն են», - նշված է զեկույցում, որում ասվում է նաեւ, որ հունիսի սկզբին նոր նախագահը խորհրդարանին հորդորել է հրաժարվել մամուլի սահմնափակումներ նախատեսող լրամշակումներից, ասելով, թե դրանք «միայն խոչընդոտելու են զանգվածային լրատվամիջոցների բնականոն գործունեությունը»:

Freedom House-ի նոր զեկույցի ամբողջական տարբերակը, որում կա նաեւ Հայաստանին վերաբերող հատված, կհրապարակվի այսօր ուշ երեկոյան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG