Մատչելիության հղումներ

Ժորժ Կոլոմբիե. «Հայաստանի հետ երկխոսության դադարեցումը լավագույն ճանապարհը չէ»


Հայաստանի հետ երկխոսության դադարեցումը լավագույն ճանապարհը չէ երկիրը ժողովրդավարության արահետ վերադարձնելու համար: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն Վեհաժողովի ամառային նստաշրջանի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ապրիլից ի վեր, երբ Եվրախորհրդի կողմից ընդունվեց թիվ 1609 բանաձեւը, Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել մեր պահանջների կատարման ուղղությամբ, հատկապես` օրենսդրական փոփոխություններ», - ասել է Կոլոմբիեն` միաժամանակ հավելելով. - «Մենք կոչ ենք անում արագ արձագանքել քաղբանտարկյալների խնդրին: Մեկուսարաններում պետք է մնան միայն նրանք, ովքեր քրեական որեւէ արարք են կատարել»:

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությանը` ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողն ընդգծել է. - «Եվրախորհրդի կողմից պատժամիջոցների դիմելը ավտոմատորեն ազատ չի արձակի բանտարկյալներին»:

«Պետք չէ մոռանալ, որ նրանք ժողովրդավարության ընդամենը 16 տարվա փորձ ունեն: Կարող ենք տեսնել, որ ժողովրդավարության մեծ փորձ ունեցող երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, որը 200 տարվա հանրապետություն է, մենք երբեմն ստիպված ենք լինում բարելավումներ կատարել», - ամփոփել է Ժորժ Կոլոմբիեն:

Կոլոմբիեն եւ մոնիտորինգի հանձնաժողովի մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը անցած շաբաթվա սկզբին Հայաստան կատարած իրենց այցի արդյունքների մասին այսօր տեղեկացնելու են Եվրախորհրդի բյուրոյին, իսկ վաղը` մոնիտորինգի հանձնաժողովին:

Այսօր Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի ընթացքում չի բացառվում Հայաստանին վերաբերող բանաձեւի կատարման հարցի արտահերթ քննարկումը:

Անցած շաբաթավերջին մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին ԵԽԽՎ-ի նախագահին հղած նամակում արդարացված է համարել Վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկումը, քանի որ «Հայաստանի իշխանությունների կողմից 2008 թվականի փետրվարի ընտրություններին հետեւած բռնություններից հետո Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացը հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի կողմից գնահատվել է անբավարար»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG