Մատչելիության հղումներ

Ուրբաթ երեկոյան Մատենադարանի մոտ տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հնչեցրեց հետընտրական շրջանում ազատազրկված «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու պահանջը:

Նա ասաց, որ պատրաստ է մեկ անգամ եւս իշխանություններին կոչ անել ազատ արձակել «քաղբանտարկյալներին», ինչից հետո ինքը երկխոսության կգնա իշխանությունների հետ. - «Ես կոչ եմ անում միտինգի անունից Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին. եթե մինչեւ Հայաստանի հարցի քննարկման օրը Սերժ Սարգսյանը ազատ արձակի անխտիր բոլոր քաղբանտարկյալներին, ապա ես կոչ կանեմ, այսօր էլ կոչ եմ անում Եվրախորհրդին` Հայաստանի նկատմամբ չկիրառել այն սանկցիան, որը սպառնացել է կիրառել»:

«Ինձ համար այս [ԵԽԽՎ-ի թիվ 1609] բանաձեւի մեջ միակը եւ գլխավորը, որ այսօր հուզում է մեր ողջ ժողովրդին, քաղբանտարկյալների հարցն է», - ասաց նա` հավելելով, թե բանաձեւի մյուս երկու դրույթները, որոնք վերաբերում են օրենքի փոփոխության պահանջին, ինքը այնքան էլ կարեւոր չի համարում, քանի որ «ինչպես էլ փոխվեն օրենքները, Հայաստանի իշխանությունը դրանք ոտնահարել եւ ոտնահարելու է»:

«Մինչեւ հիմա այդ օրենքը [հանրահավաքների անցկացմանը վերաբերող] եղել է անօրինական», - հայտարարեց նա: - «Ցանկացած օրենք հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացման մասին հակասահմանադրական է»:

Առաջին նախագահի խոսքով, «քաղաքական բանտարկյալների» ազատ արձակումից կշահի ե’ւ իշխանությունը, ե’ւ երկիրը. - «Դրանից հետո քաղաքական պայքարը հնարավոր է տեղափոխել քաղաքակիրթ հուն»:

«Մինչեւ այդ հարցը չլուծվի», - իշխանություններին դիմեց նա, - «մի մտածեք, որ ժողովուրդը կհոգնի: Ընդհակառակը` դուք անում եք ամեն ինչ, որ ժողովուրդը ավելի ու ավելի բորբոքվի եւ զանգվածները ավելի ու ավելի խտանան ու մեծանան: Հաջորդ հանրահավաքում կես միլիոն մարդ է լինելու»:

Տեր-Պետրոսյանը ասաց, որ իշխանությունների հետ հնարավոր երկխոսությունը կարող է լինել միայն «դեմոկրատիայի վերաբերյալ». - «Երկխոսությունը միայն կարող է լինել սրա շուրջ. կանեք դրական քայլեր` մենք միայն ուրախ կլինենք, կձերբակալեք մարտի 1-ի իրական ոճրագործներին` մենք ձեզ կողջունենք, հարկային դաշտ կբերեք բոլոր մոնոպոլիստներին` մենք ձեզ կողջունենք, կնշանակեք վերջապես իսկապես պրոֆեսիոնալ, պարկեշտ կադրեր` մենք ձեզ կողջունենք»:

Խոսելով մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մասին, առաջին նախագահը համոզմունք հայտնեց, որ իշխանությունը անելու է ամեն բան, որպեսզի այդ «անկախ կոչված հանձնաժողովը վերածի խեղկատակության»:

Տեր-Պետրոսյանը նաեւ բոլոր հացադուլավորներին հորդորեց դադարեցնել հացադուլը. - «Ես բոլոր հացադուլավորներին կոչ եմ անում այլեւս հրաժարվել պայքարի այդ միջոցից: Պայքարի մեր միջոցը սա է` հանրահավաքն է, որը տեղի է ունենալու այնքան ժամանակ, մինչեւ մենք չհասնենք մեր վերջնական նպատակներին»:

Հաջորդ հանրահավաքը ընդդիմությունը ծրագրում է անցկացնել հուլիսի 4-ին:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG