Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը ողջունել է ոստիկանության հայտարարությունը


Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժումն այսօր ողջունել է ուրբաթ օրը զանգվածային անկարգություններ թույլ չտալու մասին ոստիկանության հայտարարությունը:

«Ողջունում ենք ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ նա թույլ չի տա հանրահավաքի ընթացքում «մասսայական անկարգություններ եւ հանցագործության դեպքեր տեղի ունենան»։ Մենք նույնպես համարում ենք, որ սադրիչների նկատմամբ դիրքորոշումը պետք է լինի շատ կոշտ, իսկ ազատորեն հանրահավաք անցկացնելու մյուս քաղաքացիների իրավունքները չպետք է ոտնահարվեն։ Ուստի մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ոստիկանության հետ համագործակցելով ապահովել հանրահավաքի բնականոն ընթացքը», - ասված է շարժման հայտարարության մեջ։

Երեւանի քաղաքապետարանը թույլ է տվել ընդդիմությանը հանրահավաք անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունային հարող տարածքում»: Սակայն ընդդիմությունը հայտարարել է, թե մտադիր է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մոտ:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը երեկ ասել էր, թե «սահմանված վայրում հանրահավաքին ոստիկանությունը չի միջամտի, իսկ արգելված տեղում ոստիկանությունը որեւէ միջոցառում թույլ չի տա»:

Այսօր կեսօրին Մատենադարանի մոտ տեղակայված էին ոստիկանության մի քանի մեքենաներ: Ոչ ծառայողական մեքենաների մուտքը Մատենադարանին հարող տարածք արգելվել է: Հետիոտների մուտքն ազատ էր:

Օրվա երկրորդ կեսին Մատենադարանին հարող տարածքում արդեն տեղակայվել էին բազմաթիվ ոստիկաններ՝ փողոցի երկայնքով եւ անմիջականորեն Մատենադարանի շենքի դիմաց: Այստեղ էր բերվել նաեւ մի հրշեջ մեքենա: Երեւանի կենտրոնում կանգնած էին բազմաթիվ ավտոբուսներ, որտեղ նստած էին ոստիկանները:

Երեւանին հարող բնակավայրերից ահազանգեր են ստացվել այն մասին, որ դադարեցվել է երթուղային տաքսիների երթեւեկությունը, որոշ տեղերում փակվել են ճանապարհները: Նման ահազանգ է ստացել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որն արագ արձագանքման խումբ է գործուղել՝ ստուգելու ահազանգերը:


(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG