Մատչելիության հղումներ

logo-print

Քոնդոլիզա Ռայսը մտադիր է ընտրություններից հետո զբաղվել գիտական աշխատանքով


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ցանկություն չունի երկրի ապագա նախագահի օրոք զբաղեցնել փոխնախագահի պաշտոնը եւ մտադիր է նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո զբաղվել համալսարանական գործունեությամբ:

«Պետական պաշտոնյա լինելը լավ է, սակայն պետք է զգալ, թե երբ է պաշտոնը թողնելու ժամանակը: Ուզում եմ, որ կառավարությունը համալրվի նոր մարդկանցով: 8 տարին բավական երկար ժամկետ է պաշտոնավարման համար` ժամանակն է վերադառնալ Սթենֆըրդի համալսարան», - ասել է Ռայսը FOX հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Քաղաքական մեկնաբանները չէին բացառում, որ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը Քոնդոլիզա Ռայսին կարող է առաջարկել ընտրություններին մասնակցել որպես փոխնախագահի թեկնածու, քանի որ այս դեպքում Ռայսը կարող էր օգնել նրան` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի հետ պայքարում շահելու սեւամորթ ընտրողների ձայների մի մասը:

«Իհարկե, հաճելի է, որ կան մարդիկ, որոնք կարծում են, որ սենատոր ՄըքՔեյնը կառաջարկի ինձ այդ պաշտոնը: Նա իմ լավ բարեկամն է, բայց ես նման առաջարկ չեմ ուզում: Ժամանակն է, որ զբաղվեմ ինչ-որ այլ գործով, դասավանդեմ Սթենֆըրդի համալսարանում. կարծում եմ, մարդկանց լավ կրթություն տալն էլ երկրի անվտանգության շահերից է բխում», - նկատել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

53-ամյա Քոնդոլիզա Ռայսի կարիերան հենց Սթենֆորդի համալսարանից է սկսվել: 1981 թվականին աշխատանքի ընդունվելով որպես պրոֆեսորի օգնական` 38 տարեկանում նա դարձել է համալսարանի պատմության մեջ ամենաերիտասարդ պրոռեկտորը եւ այդ պաշտոնն զբաղեցրած առաջին աֆրոամերիկացի կինը:

Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մտադիր է հետագայում նաեւ գիրք գրել` 2001 թվականից ի վեր ամերիկյան քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG