Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր, մինչ Կառավարության շենքում ընթանում էր կառավարության հերթական նիստը, Դալմայի այգիների հողօգտագործողներից Սամվել Մանուկյանը ինքնահրկիզման փորձ կատարեց Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց:

Մանուկյանը արդեն բենզինով թրջել էր հագուստը, երբ ոստիկանները հասցրեցին կրակայրիչը խլել նրա ձեռքից: Իրավապահները ուզում էին նրան Հանրապետության հրապարակից տանել, սակայն առաջացավ իրարանցում եւ մյուս ցուցարարները փակեցին ճանապարհը եւ թույլ չտվեցին:

«Ո’չ խմած եմ, ո’չ գիժ եմ, ո’չ էլ նարկոտիկ եմ օգտագործել», - գոչում էր Սամվել Մանուկյանը: - «Նախագահը իր խոստումը չկատարեց, ես իմ խոստումը կատարում եմ: Քաղաքապետարանը իր խոստումը չկատարեց, ես իմ խոստումը կատարում եմ»:

Ի վերջո, Սամվել Մանուկյանը մնաց ցուցարարների հետ, իսկ ոստիկանները ստիպված եղան հրաժարվել նրան բաժին (կամ, ինչպես իրենք էին պնդում` հիվանդանոց) տանելու գաղափարից:

«Ազատություն» ռադիոկայանին ցուցարարներից մեկը պատմեց հետեւյալը. - «Սամվելը մի անգամ մտել էր վարչապետի մոտ, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, 40 րոպե ընդունել է Սարգսյանը, ասել է` ձեր հարցերը կլուծենք: Ու խաբել էր: Անցել է ուղիղ 7 ամիս»:

Ցուցարարների պնդմամբ` Մանուկյանի ընտանիքը բազմամարդ է, իսկ ապրուստի միակ միջոցը` Դալմայի այգում ունեցած հողակտորն է:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG