Մատչելիության հղումներ

logo-print

Համաժողովրդական շարժմանը աջակցող երիտասարդների առաջին կոնգրեսը չկայացավ


Տպվել էին հրավիրատոմսեր ու բաժանվել հյուրերին: Կոնգրեսի կազմակերպիչներին դահլիճ վարձակալությամբ տրամադրելուց հրաժարվել էին բոլոր կազմակերպություները, այդ թվում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը եւ Հայաստանի գրողների միությունը: Կազմակերպիչները հունիսի 16-ին գրավոր դիմում էին ուղարկել նաեւ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր, որի ղեկավարությունը չէր մեժել նրանց:

«Երբեք չի եղել մի դեպք, երբ մեզ խնդրեն տրամադրել դահլիճ եւ մենք չտրամադրենք, բոլոր հասարակական նախաձեռնություններին, որ կապված են քաղաքացիների իրավունքների իրացման հետ, կրթական, ոչ կրթական, հասարակական, քաղաքական նախաձեռնությունների հավաքներին, անկախ իմ քաղաքական դիրքորոշումից, միշտ տրամադրվել է մեր դահլիճը», - «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Կրթահամալիրի դահլիճը սովորաբար տրամադրվել էր տարբեր կազմակերպությունների առանց կրթության եւ գիտության նախարարության հետ համաձայնեցնելու, «առանց ավելորդ թղթարարության»` ինչպես ասաց Աշոտ Բլեյանը:

«Ցավոք սրտի, անհասկանալի աղմուկ բարձրացավ, եւ ես արդեն ստիպված էի դիմում գրել նախարարությանը` խնդրելով տրամադրել դահլիճը, քանի որ կրթահամալիրը պետական, ոչ առեւտրային կազմակերպություն է: Դիմումին կցել եմ երիտասարդների դիմումը», - շարունակեց Աշոտ Բլեյանը:

Դիմումում նշվել է, որ քանզի միջոցառումը պետք է տեղի ունենա ժամը 18-ին, այն չի խանգարելու կրթահամալիրի ուսումնական գործընթացին: Նախարարությունը, սակայն, արգելել է անցկացնել միջոցառումը, քանի որ, ըստ «Կրթության մասին» օրենքի, ուսումնական տարածքը կարելի է օգտագործել միայն ուսումնական նպատակներով:

Աշոտ Բլեյանը այս մասին հայտնել է երտասարդներին, բայց մասնակիցներն ու հյուրերը արդեն հավաքվել էին կրթահամալիրի բակում: Կրթահամալիրի բակ էին եկել նաեւ Երեւանի պարեկային ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի ավտոմեքենաներ:

Երիտասարդները, շենք մտնելու թույլտվություն չստանալով, որոշեցին կոնգրեսն անցկացնել կրթահամալիրի հարակից տարածքում: Ոստիկանության փոխգնդապետը, ով չցանկացավ ներկայանալ, պահանջեց, որ կոնգրեսի մասնակիցները ցրվեն՝ բախումներից խուսափելու համար: Նրանց, փաստորեն, թույլ չտրվեց նաեւ «բակային կոնգրես» անցկացնել:

Մասնակիցները տարբեր տրանսպորտային միջոցներով շարժվեցին Հյուսիսային պողոտա: Այնտեղ կոնգրեսն անցկացնելն անհնար էր, եւ նրանք կարդացին միայն իրենց վերջնական հայտարարությունը:

Փաստաթղթում ասվում է, որ իրենք ամբողջապես սատարում են շարժմանը եւ շեշտվել է, որ «մեր երկրի իշխանությունը պետք է ձեւավորվի բացառապես ժողովրդավարական ճանապարհով, եւ միայն Հայաստանի քաղաքացին է, որ պետք է իր որոշիչ դերն ունենա այդ գործընթացներում»:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG