Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը միայն մեկ խնդիր ունի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»


«Ադրբեջանը միայն մեկ խնդիր ունի, եւ այն կապված է Lեռնային Ղարաբաղի` մինչ օրս չկարգավորված հակամարտության հետ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Ադրբեջանի խորհրդարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում:

APA գործակալության փոխանցմամբ` Ալիեւը, մասնավորապես, հիշեցրել է, որ Ադրբեջանի «գրավյալ» տարածքների ազատագրումը պահանջող ՄԱԿ-ի չորս բանաձեւերը մինչ օրս չեն կատարվել:

«Վերջերս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում բանաձեւ ընդունվեց Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Մեր դիրքորոշումը պաշտպանում են Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ այլ միջազգային կազմակերպություններ: Միլիոնավոր ադրբեջանցի փախստականներ ու տեղահանվածներ մինչ օրս զրկված են տարրական մարդկային իրավունքներից», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի նախագահը, միաժամանակ, վստահեցրել է, թե իր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովվելու է:

«Այդ հարցի կարգավորման գործընթացում մեր կողմից զիջում կարող է լինել միայն Lեռնային Ղարաբաղին ամենաբարձր ինքնավարության տրամադրումը: Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանը հաջողությունների է հասել բոլոր ոլորտներում, մեր կողմից է նաեւ միջազգային իրավունքը, եւ մենք հավատում ենք, որ հնարավոր կլինի կարգավորել խնդիրը խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Ալիեւը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG