Մատչելիության հղումներ

Ժորժ Կոլոմբիե. «Հայաստանն ակնկալում է, որ մենք իրեն օգնենք եւ ոչ թե սոսկ դատապարտենք»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն դրական է գնահատել իր եւ մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտի` օրերս Հայաստան կատարած այցը:

«Այցը շատ լավ անցավ: Շատ լավ անցան հանդիպումները, որ մենք ունեցանք առաջին օրը իշխանությունների, այդ թվում հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի հետ: Երեկ ես հանդիպեցի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, կալանավորվածներից ոմանց ընտանիքների անդամների հետ, բանտում հանդիպեցի նաեւ կալանավորվածների հետ` այդ թվում երեք պատգամավորների եւ մեկ նախկին նախարարի», - հայտնել է Կոլոմբիեն չորեքշաբթի օրը Եվրախորհրդի մամլո գրասենյակին տված հարցազրույցում: - «Այս այցի նպատակն էր պարզել, թե ո՞ւր են հասել Հայաստանի իշխանությունները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի իրականացման գործում, որը վերաբերում է հանրահավաքների մասին օրենքում Ազգային ժողովի կատարած փոփոխություններին, անկախ հետաքննություն սկսելուն եւ ակնհայտ շինծու մեղադրանքների հիման վրա կալանավորված բոլոր անձանց ազատ արձակելուն, եւ վերջապես` բանաձեւի 8-րդ հոդվածում պահանջվող բարեփոխումների շուրջ անկեղծ երկխոսություն սկսելուն»:

Եվրախորհրդից եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին Կոլոմբիեն հայտարարել է. - «Հայաստանն ակնկալում է, որ մենք իրեն օգնենք եւ ոչ թե սոսկ դատապարտենք: Ակնկալում է, որ հետաքննության համար ստեղծված հանձնաժողովի միջոցով` խորհրդարանական հանձնաժողովի, որում մասնակցություն են ունենալու նաեւ արտախորհրդարանական ուժեր, միջազգային փորձագետներ լինեն իր կողքին, շատ կարեւոր այդ հանձնաժողովի կողքին, քանի որ մենք ցանկանում ենք, որ այն լինի անկախ, թափանցիկ եւ վստահելի: Ինչ կարող ենք մենք արդեն անել` որոշակի թվով փորձագետների ուղարկելն է, որպեսզի ընդունվեն լավ որոշումներ»:

Համազեկուցողի հավաստմամբ, «Հայաստանն ակնկալում է նաեւ քաջալերանք` շարունակելու այն, ինչ սկսել է ապրիլի 17-ին թիվ 1609 բանաձեւի ընդունումից հետո»:

Հայտարարելով, թե «հայաստանյան իշխանությունները պետք է ապացուցեն, որ Հայաստանը դուրս է գալիս այն փոսից, որում ակամայից հայտնվել է մարտի 1-ից հետո», Ժորժ Կոլոմբիեն ամփոփել է. - «Ես իրոք ցանկանում եմ, որպեսզի Եվրախորհուրդը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարողանան եկող շաբաթ առնվազն նրանց տալ շատ ճշգրիտ հանձնարարականներ, որպեսզի նրանք շարունակեն գնալ ժողովրդավարության ճանապարհով: Դա անչափ կարեւոր է, եւ ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները ականջալուր կլինեն եւ մինչեւ վերջ կիրականացնեն այն, ինչ իրենցից պահանջվել է: Կա կատարված աշխատանք, որը շատ դրական է: Պետք է գնալ ավելի հեռուն` մինչեւ վերջ, որպեսզի Հայաստանի վստահելիությունը ճանաչվի ինչպես հենց հայաստանցիների, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին` Եվրախորհրդի կողմից»:

Իրենց այցի արդյունքների մասին համազեկուցողները երկուշաբթի օրը տեղեկացնելու են Եվրախորհրդի բյուրոյին, իսկ հաջորդ օրը` մոնիտորինգի հանձնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG