Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անկուսակցական անդամ, մարտի 1-2-ի դեպքերից հետո կալանավորված Հակոբ Հակոբյանը իրեն մեղավոր չի ճանաչում պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգությունների մեջ իրեն առաջադրված մեղադրանքներում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պատգամավորը, նախաքննության մարմինը հստակ հիմնավորումներ չի ներկայացրել, թե կոնկրետ ի՞նչ արարքի համար են առաջադրվել երկու ծանր հոդվածներով մեղադրանքները:

«Իմ նպատակը եղել է, որ որեւիցե մի ընդհարում չլինի: Իմ մտածելով, մենք` մեր մի քանի ընկերներով, հերոսություն արեցինք: Այդ օրը [մարտի 1-ին] առավոտյան որեւիցե ընդհարում չեղավ», - վստահերցրեց Հակոբ Հակոբյանը` հավելելով. - «Տղերք էին` շատ հարցերով վիրավորված էին, եթե մենք չլինեինք, իրենց չասեինք, որ «թեկուզ գլուխներդ էլ ջարդեն` հանգիստ մնացեք տեղներդ»` դա ես եմ ասել, Սասունն է [Միքայելյան] ասել մի քանի անգամ, կարող է տղերքը իրենցից դուրս գային, ուրիշ պահեր էլ ստացվեին»:

Մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրման նպատակով Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքից իր ակնկալիքներին վերաբերող հարցին պատգամավորը արձագանքեց. - «Ժամանակավոր հանձնաժողովը` իրենք էլ հույս չունեն: Եթե իրենք որեւիցե մի խնդիր ուզեին լուծել, այսքան ժամանակվա մեջ մի անգամ կգային: Մենք այդքան տարիներ իրար հետ հաց ենք կերել, ճանապարհ ենք անցել: Իրենք էլ լավ գիտեն` ինչ է կատարվել, կարծես թոզ փչեն մարդկանց աչքերին: Հետո` իրենք այնտեղ խնդիր լուծող չեն: Որեւիցե մեկը այնտեղ հարց չի կարող լուծել: Ուրիշ բան` այնտեղ մի քանի պատգամավորներ կային, որ այդ հանձնաժողովում չեն, որ լինեին` կարող է խնդիր լուծվեր: Նույն Վիկտոր Դալլաքյանը` ես հավատում եմ այդ անձնավորությանը, ինքը կկարողանար դա անել»:

Իսկ խնդիրների լուծման ճանապարհը, նրա կարծիքով, «հարաբերությունների» ճանապարհն է. - «Որովհետեւ իմ իմանալով` 89 թվականից ես շփվել եմ, անցել եմ այդ ճանապարհը, իրենք ժամանակին շատ մոտ հարաբերություններ ունեցել են, նամանավանդ` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը: Ու ընտրարշավի ժամանակ, ինչը որ ես զգացի, ոնց որ Քոչարյանի խնդիրը լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց, ասենք, Սերժ Սարգսյանի կողմից ես չնկատեցի այդպես: Կարող է մի պահ գա` իրենք իրար հետ նստեն …»:

Միաժամանակ, Հակոբ Հակոբյանը նշեց, որ «կողքից քծնողներ շատ կան, որ ավելի շատ իրենց տակն է կեղտը, իրենք են այս ամեն ինչը ստեղծել, հիմա իրենց վախից դրան են գնում»:

«Չնայած ժամանակը կգա, էլի այդ ամեն ինչը կճշտվի», - վստահ է կալանավորված պատգամավորը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG