Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման համար առկա ազդանշանները բարենպաստ են»


Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման համար այսօր առկա ազդանշանները բարենպաստ են. միակ բանը, որ բացակայում է` հակառակ կողմին ձեռք մեկնելու համարձակությունն է: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում երեկ տեղի ունեցած լսումների ժամանակ:

«Ինչն է կարեւոր` երբ Հայստանում նոր արտգործնախարար նշանակվեց, նրա թուրք գործընկերը շնորհավորական ուղերձ հղեց», - ասաց Ֆրիդը: - «Կարծում եմ, որ ե’ւ թուրք, ե’ւ հայ ղեկավարները հասկանում են, որ չեն կարող իրենց ազգային պատճառաբանությունները բերելով նման հարաբերություններ պահպանել: Նրանք զգուշավորությամբ ուղիներ են փնտրում` առաջ շարժվելու համար»:

Պետքարտուղարի տեղակալը նշեց, որ երկու կողմերից հնչող հրապարակային հայտարարությունները հուսադրող է համարում:

«Մենք հույս ունենք, որ հարաբերությունները կկարգավորվեն, եւ կկարգավորվեն արագորեն», - ասաց Դենիել Ֆրիդը:

Բավական թվով կոնգրեսականներ անդադարձան հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն հարցին, թե ինչու նախագահ Բուշը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, եթե 1915 թվականի դեպքերը ունեն ցեղասպանության բոլոր տարրերը:

«Մենք երբեք չենք հերքել տեղի ունեցածը, բայց 2001-ից ի վեր նախագահի քաղաքականությունն է եղել, ինչպես եւ նախորդ վարչակազմերի օրոք, որ «ցեղասպանություն» բառի օգտագործումը չի նպաստի հայ - թուրքական հարաբերությունների հաստատմանը», - հայտարարեց պետքարտուղարի տեղակալը:

«Ադրբեջանը նոր պատերազմի՞ է պատրաստվում», - կոնգրեսականներից մեկի այս հարցին Դենիել Ֆրիդը արձագանքեց, թե չնայած «ոչ ողջունելի հռետորաբանությանը»` ադրբեջանցի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններին, «Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմի». - «Երկու երկրների նախագահները հանդիպում են, հարցի կարգավորման ուղիներ են փնտրվում: Մենք կարծում ենք,որ Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմի: Այդ հարցը ուշադրության կենտրոնում ենք պահում: Մենք հետեւում ենք դրան»:

Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականությանը նվիրված լսումների ժամանակ մինչեւ հանձնաժողովականների հարցերին պատասխանելը պետքարտուղարի տեղակալը նաեւ երեք երկրներին վերաբերող դիտարկումներ ներկայացրեց:

Հայաստանի առնչությամբ Ֆրիդը, մասնավորապես, ասաց. - «Կարծում ենք` կարճ ժամկետի համար Հայաստանի ամենամեծ մարտահրավերը իր ժողովրդավարական հաստատությունների եւ գործընթացների վերականգնումն է` ներառյալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտներում, նաեւ` զգալի թերություններով անցկացված փետրվարյան նախագահական ընտրություններից հետո կորցրած ժողովրդավարական գործընթացների վերագտնումը»:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ազատ արձակվեն քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածները, որպեսզի Հայաստանի կառավարությունը կտրուկ քայլեր ձեռնարկի երկրի ժողովրդավարական ընթացքը վերականգնելու համար», - նշված է Ֆրիդի` Հայաստանի վերաբերյալ դիտարկման մեջ:

Դենիել Ֆրիդը նկատում է, որ ժողովրդավարական գործընթացները կորուստներ են կրել հատկապես «զգալի թերություններով անցկացված փետրվարյան նախագահական ընտրությունների եւ հաջորդած բռնությունների հետեւանքով»:

«Ընտրությունները ուղեկցվեցին լցոնումների, ձայների գնման, ահաբեկումների, նույնիսկ ծեծի եւ այլ դեպքերի վերաբերյալ հավաստի տեղեկություններով: Երբ վիճարկվող քվեարկությունից հետո սկսվեցին խաղաղ հանրահավաքները, Միացյալ Նահանգները եւ մյուսները շարունակական ճնշում գործադրեցին Հայաստանի կառավարության վրա, որպեսզի զերծ մնան ուժի կիրառումից: Այնուհանդերձ, մարտի 1-ին, ուժի դիմելու մտադրության բացակայության մասին Հայաստանի իշխանությունների հավաստիացումներից մի քանի ժամ անց, ոստիկանությունը մտավ հրապարակ»:

Հիշատակելով, որ այդ օրն ավելի ուշ իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումները հանգեցրեցին առնվազն 10 մարդու սպանության` ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը ընդգծում է. - «Թեեւ հայտարարվում էր մինչեւ մարտիմեկյան բախումները որոշ ցուցարարների զինված լինելու հանգամանքը, այնուհանդերձ, մինչեւ այժմ այդ մեղադրանքով որեւէ դատավճիռ չի կայացվել»:

Ինչ վերաբերում է հաջորդող ձերբակալություններին, Ֆրիդը նկատում է, որ «ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ կալանավորվել են վիճահարույց մեղադրանքներով»:

«Ոմանք լքել են երկիրը, ոմանք` մնում են թաքնված: Իսկ դատարան հասած գործերից, թվում է, որոշ դատապարտյալների նկատմամբ խիստ դատավճիռներ են կայացվել` ոչ խոշոր օրինախախտումների համար», - նշել է նա:

Անդրադառնալով արտակարգ դրության վերացումից հետո ստեղծված իրավիճակին` Դենիել Ֆրիդն իր դիտարկման մեջ արձանագրում է, որ, թեեւ զինվորականները դուրս են բերվել փողոցներից, սակայն «դեռ շոշափելի է ոստիկանների ներկայությունը հատկապես Ազատության հրապարակում, որտեղ մինչեւ հիմա թույլ չեն տալիս ընդդիմության ակտիվիստների մուտքը»:

«Ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունների եւ հետապնդումների մասին հաղորդագրությունները շարունակվում են», - նշում է Ֆրիդը` ընդգծելով, որ իրենք ձգտում են նպաստել կողմերի միջեւ երկխոսությանը` «մամուլի եւ խաղաղ հավաքների լիակատար ազատությունը վերականգնելու նպատակով»:

Դենիել Ֆրիդը հիշատակել է նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նախագահ Ջոն Դանիլովիչի մարտի 11-ի նամակը Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշված էր, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորման վրա:


Աստղիկ Բեդեւյան եւ Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG