Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վկայակոչելով հավաստի աղբյուրներ` «Հայկական ժամանակ»-ը գրում է, թե իշխանական վերնախավում արդեն որոշվել է, որ հասարակությունում առկա լարվածությունը թուլացնելու համար գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին այդ պաշտոնում պետք է փոխարինի Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: Վերջինս, թերթի պնդմամբ, «ենթարկվում է Աղվան Հովսեփյանին, ավելին` նրա մարդն է, եւ ըստ էության` ոչ մի տարբերություն չկա` ՀՀ գլխավոր դատախազ կլինի Աղվան Հովսեփյա՞նը, թե՞ Անդրանիկ Միրզոյանը»:

«168 ժամ» թերթին տված հարցազրույցում գործարար, վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը նշում է. - «Ինչի՞ է պետք [հեղափոխությունը]: Գիտե՞ք, թե ամեն մի հեղափոխություն որքանով է հետ գցում երկիրը: 15-20 տարում, կներեք, 7-8 հեղափոխություն չեն անում: Հեղափոխությունը պատմական անհրաժեշտություն է, երբ հասարակական-տնտեսական ֆորմացիա է փոխվում»:

Մեկնաբանելով «Ա1+» հեռուստաըկերության օգտին Եվրադատարանի կայացրած որոշումը` «Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Հիմա իշխանություններն ընտրություն ունեն. կամ հայտնի կենդանու համառությամբ շարունակել իրենց այդ կենդանին քշել՝ ասելով, որ Եվրոդատարանը «պոլիտբյուրո չէ», «Տիզբոն չէ», եւ նրա վճիռներն էլ մեր պետության համար որեւէ նշանակություն չունեն: Կամ էլ՝ ընդունել 6 տարի առաջ իրենց կողմից գործած «սխալը» եւ փորձել այն շտկել: Եթե այսօր պաշտոնավարեր Ռոբերտ Քոչարյանը, ապա, ամենայն հավանականությամբ, կընտրվեր առաջին՝ Եվրախորհրդի հետ հարաբերությունները սրող եւ բոլոր իմաստներով վտանգավոր ճանապարհը: Որովհետեւ սպասել, որ Հայաստանի երկրորդ նախագահն ասի՝ «կներեք, սխալվել եմ», ֆանտաստիկայի ոլորտից է: Ինչպես հայտնի է, 10 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի միակ սխալը օմբուդսմենի «անհաջող կադրային առաջադրումն» էր: Այսօր իրավիճակը փոքր-ինչ այլ է. Սերժ Սարգսյանը անմիջականորեն պատասխանատու չէ «Ա1+»-ի փակման համար, ուստի «սխալն ընդունելու» հոգեբանական խնդիր չունի»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ֆրանսիա կատարած խորհրդավոր այցին, «168 ժամ» թերթը գրում է. - «Հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը ու իր թիմակիցները, իրենց քաղաքական պայքարը ծավալում են` հանուն ժողովրդավարության եւ ազատության դրոշի ներքո: Նույնքան հայտնի է, որ քաղաքական պայքարի ժողովրդավարական եւ ազատական սկզբունքները պահանջում են, որ այդ պայքարը լինի հնարավորինս հրապարակային եւ թափանցիկ: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի` Ֆրանսիա կատարած այցելության մասին հասարակությանը (այն թվում` նրա համակիրներին) տեղեկացվել է փաստի եւ դրա հնգօրյա լինելու մասին: Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը ու իր համախոհները հետ են կանգնում իրենց իսկ հռչակած սկզբունքներից»:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որի կալանքը երեկ երկարացվել է երկու ամսով, «Ա1+»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես են իրեն ձերբակալել. - «Ինձ եւ իմ հետ գտնված մարդկանց ապօրինի բերման են ենթարկել 6-րդ վարչություն, 1-ին հարկում հրամանով պառկացրել են գետնին, բերանքսիվայր եւ սկսել են քացիներով սապոգներով ծեծել-ջարդել: Այդ բոլորից հետո ինձ 28 ժամ պահել են առանց փաստաբանի, ինձ՝ գլխավոր դատախազի տեղակալիս, իրավաբանական գիտությունների թեկնածու Ջհանգիրյանին պահել են առանց փաստաբանի, առանց դրսի աշխարհի հետ հաղորդակցվելու, նույնիսկ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը եկել էր, չէին թողնում շենք մտնի, ոչ թե ինձ տեսնի, այլ շենք մտնի»: Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին` Գագիկ Ջհանգիրյանը ասում է. - «Դեպքի վայրը պետք է պահպանեին, իրեղեն ապացույցները պետք է մնային, վրանները ինչո՞ւ էին հավաքում, ինչո՞ւ էին լվանում, թափում, դրանք իրեղեն ապացույցներ էին, պետք է մնային, ուսումնասիրվեին, ֆիքսվեին, արձանագրվեին: Եվ ոչ մեկը սպեցնազով կամ ներքին զորքերով չի գալիս զննություն կատարելու, պիտի գային քննիչները, գային, վրանները զննեին, գրանցեին, կամ ինչո՞ւ էին գալիս գիշերով, մթին: Էդ ի՞նչ էր պատահել, թող գային հավաքեին զենքը, եթե գիտեին, կամ իմացել էին, որ բերում են, թող ճանապարհին բռնեին, առգրավեին»:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Մենք պետք է որդեգրենք միասնական, համերաշխ ճանապարհ գնալու մոտեցումը։ Չի կարելի կռվելով ճանապարհ գնալ։ Մանավանդ որ կռվածին երեւույթները հորինովի են։ Եվ դրանք կառուցված են դժգոհության վրա։ Բայց դժգոհությունը յուրաքանչյուր մարդու մեջ նստած է։ Պետք է նկատի առնել, որ դեռեւս չենք ստեղծել մեր երկիրը։ Մեր պետական կառույցը դեռ ամբողջական չէ։ Այն դեռեւս բարձրացող փուլի մեջ է։ Այն դեպքում, երբ մեր հարեւանները բարձրանում են շատ ավելի արագ։ Նշանակում է ներքին կռիվները մեր կառույցը կսասանեն։ Եթե այդպես է, նշանակում է այստեղ ծրագիր է իրագործվում՝ անպայմանորեն Հայաստանը իր ընթացքի մեջ կասեցնելու ծրագիրը»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG