Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մովսեսյան. «Վճռի բարոյական կողմը մեզ բավարարում է լիովին»


«Մեզ այստեղ ավելի շատ հետաքրքրում է վճռի բարոյական կողմը, որը մեզ բավարարում է լիովին», - Եվրադատարանի երեկվա վճռի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը` նաեւ հակադարձելով արդարադատության փոխնախարարի փաստարկին, թե հայցով փոխհատուցում էր պահանջվել 1 միլիոն 350 հազար եվրո, իսկ դատարանը բավարարել է այն ընդամենը 20 հազար եվրոյի մասով:

Հայաստանի արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, հակադարձելով հայաստանյան որոշ լրատվամիջոցների պնդումներին, ասաց, թե «Մելտեքս» ընկերությունը (որի կազմի մեջ մտնում «Ա1+»-ը) չի հաղթել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Հայաստանի Հանրապետությունը այս վճիռներով ավելի շատ հաղթել է, քան պարտվել», - հայտարարեց փոխնախարարը` հավելելով, որ «Մելտեքս»-ը ներկայացրել էր մի քանի հայց, որոնցից բավարարվել է միայն մեկը. - «Եվրոպական դատարանը քննարկման առարկա է դարձրել բացառապես խոսքի ազատության իրավունքի խախտումը` նշելով, որ խոսքի ազատության խախտումը ճանաչվել է բացառապես հաշվի առնելով, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի նշել հստակ այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել մերժելու համար»:

Մեսրոպ Մովսեսյանի գնահատմամբ, Եվրադատարանի որոշմամբ, Հայաստանի չի պարտվել, այլ հաղթել է, քանի որ դրանից «կշահեն Հայաստանն ու հայաստանցիները»:

Արդարադատության փոխնախարարն էլ վստահ է, որ որոշումը Հայաստանի պարտություն չի նշանակում, բայց` այլ տեսանկյունից. - «Հայաստանի Հանրապետությունը չի համարում, որ սա ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշում է, քանի որ, այո, այս որոշումը այսուհետեւ կուղղորդի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին իրենց որոշումներով պատճառաբանել ոչ միայն հաղթելու պատճառները, այլեւ լիցենզիան չտրամադրելու պատճառները»:

Հարցին, թե Եվրադատանի վճիռը ենթադրո՞ւմ է իրավունքի վերականգնում, Կոստանյանը արձագանքեց. - «Իրավունքների վերականգնումը ենթադրում է նյութական եւ բարոյական վնասների փոխհատուցում, եւ դա նշված է վճռում»:

Մեսրոպ Մովսեսյանը այս կապակցությամբ ասաց, որ «պահանջներ միանշանակ ներկայացնելու է». - «Պահանջելու եմ վերականգնել բոլոր իրավունքները: Մրցույթների մասնակցելու եմ եւ մասնակցելու եմ լրիվ ուրիշ կարգավիճակով»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG