Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգության» առաջարկած թեկնածուները չեն ընդգրկվի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կազմում


Ազգային ժողովի` մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նորաստեղծ հանձնաժողովի նիստում այսօր որոշվել է, որ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության առաջարկած թեկնածուները` հետընտրական շրջանում կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը, չեն ընդգրկվի հանձնաժողովի կազմում:

«Հանձնաժողովը որոշեց, որ դա պետք է լինի բացառապես Ազգային ժողովի որոշման սկզբունքների համաձայն, այն է` յուրաքանչյուր պառլամենտական խմբակցություն կարող է առաջարկել երկու թեկնածու` միայն իր խմբակցության անդամներից», - հանձնաժողովի այսօր կայացած նիստի ավարտին «Ազատություն» ռադիոկայանին ասաց դրա նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ): - «Այսօր կամ վաղը լրացուցիչ նամակով կպատասխանենք «Ժառանգություն» խմբակցության ղեկավարին` հայտնելով, որ դա չի համապատասխանում Ազգային ժողովի որոշմանը, եւ մենք կխնդրենք, որ նա առաջարկի իր խմբակցության երկու անդամի»:

Իսկ եթե նոր թեկնածություններ չառաջարկվեն, 11 անդամի փոխարեն հանձնաժողովը կունենա 9 անդամ:

Միաժամանակ, ինչպես հաղորդել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, այսօր խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը նամակով դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ) տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալին` ակնկալելով Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների եւ խորհրդատուների մեթոդական աջակցությունը` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG