Մատչելիության հղումներ

Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով երեք մարդու մեղադրանք է առաջադրվել


Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեն ավարտել է լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով նախաքննությունը: Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, որ իրավապահները պաշտոնապես մեղադրանք են առաջադրել գործով անցնող երեք քաղաքացիների՝ Սերգեյ Խաջիկուրբանովին, Ջաբրայիլ եւ Իբրահիմ Մախմուդովներին:

Ըստ Մարկինի, գործով անցնող եւս մեկ անձի՝ Անվտանգության դաշնային ծառայության փոխգնդապետ Պավել Ռյագուզովին մեղադրանք է առաջադրվել Խաջիկուրբանովի հանցակցությամբ ավելի վաղ կատարած իրավախախտումների՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ դրամաշորթության հոդվածներով:

Դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի պաշտոնյան նաեւ հաստատել է գործով անցնող մեկ այլ անձի՝ Չեչնիայի Աչխոյ-Մարտանի շրջանային վարչակազմի նախկին ղեկավար Շամիլ Բուրաեւի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու մասին տեղեկությունը:

Քրեական գործից առանձին վարույթ է անջատված ներկայումս փախուստի մեջ գտնվող Ռուստամ Մահմուդովի եւ այլ կասկածյալների գործը, որի նախաքննությունը շարունակվում է: Ռուստամ Մախմուդովը, ում քննիչները համարում են սպանության անմիջական կատարողը, Ջաբրայիլ եւ Իբրահիմ Մախմուդովների եղբայրն է:

«Նովայա գազետա» պարբերականի մեկնաբան, 48-ամյա Աննա Պոլիտկովսկայային սպանել են 2006 թվականի հոկտեմբերի 7-ին: Մարդասպանը լրագրողին դարանակալել է տան շքամուտքում, որտեղ հրազենից մեկ գնդակ է արձակել Պոլիտկովսկայայի կրծքավանդակին եւ եւս մեկ՝ «ստուգողական» կրակոց է արձակել նրա գլխին: Լրագրողը տեղում մահացել է:

«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ասել է, թե դեռ վաղ է խոսել հանցագործությունը բացահայտելու մասին. - «Մենք կարծում ենք, որ հետաքննությունը ճիշտ ուղու վրա է, արդեն շատ բան է արվել, բայց սա չի կարելի համարել հետաքննության ավարտ. մարդասպանն ազատության մեջ է, իսկ պատվիրատուն հայտնի չէ»:

Թերթի աշխատակիցները պնդում են, որ չէր կարելի դադարեցնել Շամիլ Բուրաեւի նկատմամբ հարուցած գործը:

Վարկածներից մեկի համաձայն` Պոլիտկովկսկայային սպանել են Չեչնիայում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանելու համար: Լրագրողը հետաքննել է Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման հարցերը:

Ռուսաստանի պաշտոնյաները, իրենց հերթին, պնդում են, թե սպանության պատվիրատուն գտնվում է արտասահմանում, նկատել տալով, որ այդ ակնարկը հասցեագրված է Ռուսաստանում ֆինանսական մեքենայությունների եւ այլ հանցանքների մեջ մեղադրվող` ներկայումս Լոնդոնում ապաստանած մեծահարուստ Բորիս Բերեզովսկուն:

Բերեզովսկին կտրականապես հերքում է մեղադրանքը եւ պնդում, որ տարածելով այդ կարգի ասեկոսեներ՝ պաշտոնական Մոսկվան պարզապես ցանկանում է վարկաբեկել իրեն եւ միաժամանակ փորձում է խոչընդոտել սպանության գործի քննությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG