Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ի իշխանությունները պետք է անեն հնարավորը` Թուրքիայում իրադրությունը չապակայունացնելու համար»


Միացյալ Նահանգների իշխանությունները պետք է անեն հնարավորը` Թուրքիայում իրադրությունը չապակայունացնելու համար: Այսպիսի կարծիք են հայտնում ամերիկյան RAND Corporation հետազոտական կենտրոնի մասնագետները` պաշտոնական Վաշինգտոնին խորհուրդ տալով պատրաստ լինել հնարավոր բոլոր զարգացումներին:

«Էրդողանի կառավարությանը ներքին ճնշումներից զերծ պահելու եւ Ինջիրլիքի ռազմակայանից օգտվելու հնարավորությունից չզրկվելու համար ամերիկյան իշխանությունները պետք է կանխեն Կոնգրեսի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի ընդունումը», - պնդում են RAND Corporation-ի վերլուծաբանները:

Նրանք պաշտոնական Վաշինգտոնին խորհուրդ են տալիս նաեւ ավելի սերտորեն համագործակցել իրաքցի քրդերի հետ` Քրդական աշխատավորական կուսակցության դեմ համատեղ պայքար մղելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, ըստ ամերիկացի վերլուծաբանների, Թուրքիայում իրադարձությունների զարգացման չորս սցենար գոյություն ունի` ամենալավատեսականից մինչեւ առավել անցանկալին:

Lավատեսական սցենարի համաձայն` առաջիկա ամիսներին Էրդողանի կառավարությունը իսլամական նորմերի օրենսդրական ամրագրմանն ուղղված նոր քայլեր չի ձեռնարկի, կխթանի համագործակցությունը Եվրամիության հետ, այդ թվում նոր հնարավորություն ստեղծելով հայկական եւ քրդական խնդիրները բաց ու հրապարակայնորեն քննարկելու համար: Այս ամենը, ըստ ամերիկացի վերլուծաբանների, զգալիորեն կթուլացնի երկրում առկա ներքաղաքական լարվածությունը:

Մյուս սցենարի համաձայն, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կշարունակի երկրի իսլամականացմանն ուղղված իր քաղաքականությունը` սերտացնելով հարաբերությունները Իրանի եւ Սիրիայի հետ` Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունները վտանգելու հաշվին: Տվյալ սցենարի իրագործման դեպքում վերջնականապես կսառեցվեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

Երրորդ սցենարի համաձայն` Թուրքիայի Սահմանադրական դատարանը կվճռի կասեցնել իշխող կուսակցության գործունեությունը: Սրան ի պատասխան` Էրդողանի կողմնակիցները իրենց կուսակցությունը կգրանցեն նոր անվան տակ եւ առանց որեւէ խոչընդոտի կմասնակցեն արտահերթ ընտրություններին:

Եվ ամենահոռետեսական սցենարը, որ ուրվագծել են RAND Corporation-ի մասնագետները, կոչվում է «Ռազմական միջամտություն»: «Եթե առաջիկա ամիսներին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դիմի քայլերի, որոնք անընդունելի կլինեն աշխարհիկ կարգերի կողմնակիցների համար, քաղաքական թատերաբեմում կրկին կարող է հայտնվել թուրքական բանակը», - նշում են զեկույցի հեղինակները: Նրանց պնդմամբ` իրադարձությունները կարող են զարգանալ երկու ձեւով. կամ բանակի նախաձեռնությամբ հակաիսլամիստական ուժերի համախմբում տեղի կունենա` Էրդողանի կառավարության հրաժարականի կարգախոսի ներքո, կամ էլ բանակը ուղղակիորեն կմիջամտի քաղաքական կյանքին` պաշտոնանկ անելով կառավարությունն ու կասեցնելով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գործունեությունը: Սակայն RAND Corporation-ի վերլուծաբանները բանակային գեներալներին խորհուրդ են տալիս կտրուկ քայլերի դիմելուց առաջ հիշել 2007 թվականի գարնանը տեղի ունեցածը, երբ զինված ուժերի միջամտության արդյունքում կանխվեց Աբդուլա Գյուլի ընտրությունը նախագահի պաշտոնում: «Այդ միջամտությունը հակառակ էֆեկտն ունեցավ` հանգեցնելով իսլամիստների վարկանիշի կտրուկ աճին», - արձանագրում են ամերիկացի վերլուծաբանները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG