Մատչելիության հղումներ

Մարզադաշտ Հովհաննես-Պողոս Երկրորդի անունո՞վ


Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի պատգամավոր, «0րենք եւ արդարություն» կուսակցության ակտիվիստ Արթուր Գուրսկին բաց նամակով դիմել է Լեհաստանի սպորտի հարցերով նախարարությանը` առաջարկելով մայրաքաղաք Վարշավայում 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման համար կառուցվող նոր մարզադաշտին տալ հանգուցյալ Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի անունը:

Առաջարկը չընդունող քաղաքական գործիչները պնդում են, թե մարզադաշտերը աշխարհիկ կառույցներ են, բացի այդ, ինչպես «Վիբորչա» օրաթերթն է նշում, «ընդդիմախոսների համոզմամբ, անընդունելի է կաթոլիկ գործչի անունը կրող վայրում աղմկարար խուլիգանների ներկայությունը»:

Լեհաստանի սպորտի հարցերով նախարարության խոսնակը նշել է, որ պետք չէ միանգամից բացառել նոր համալիրը «Հովհաննես-Պողոս Երկրորդի մարզադաշտ» անվանելու գաղափարը, սակայն հիմա դեռ վաղ է խոսել որեւէ որոշման մասին: Նախարարության ներկայացուցչի խոսքերով, «պատգամավորի առաջարկը կուսումնասիրվի, հաշվի կառնվի նաեւ հանրության կարծիքը»:

Մարզադաշտը կառուցող պետական ընկերության նախագահ Միխալ Բորովսկին ասել է, որ այդ առաջարկը կքննարկվի, երբ գա անունն ընտրելու ժամանակը եւ հավելել է, թե կա մեկ այլ առաջարկ՝ նոր մարզադաշտին տալ 1970-ական թվականներին Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար մարզիչ Կազիմիեժ Գորսկու անունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG