Մատչելիության հղումներ

Վալտեր Շվիմեր. «Եվրախորհուրդը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներ չի կիրառում»


«Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային հասարակական ֆորումի համակարգող կոմիտեի նախագահ, Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Day.az լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հույս է հայտնել, որ աշնանն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները կհամապատասխանեն Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին:

«Կարծում եմ, Ադրբեջանն արդեն անցել է բավական երկար եւ բարդ ճանապարհ այդ ուղղությամբ: Նախկինում եղել են մի շարք խնդիրներ, մյուս տարի լրանալու է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 8-ամյակը: Ուստի, ընտրական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Ադրբեջանից կարելի է սպասել ավելին, քան Եվրոպայի խորհրդի նոր անդամներից», - ասել է Վալտեր Շվիմերը:

Այն հարցին, թե «արդյոք տեսանելի՞ են ժողովրդավարական զարգացման ընթացքում երկրում տեղի ունեցած փոփոխությունները», Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղարը պատասխանել է. - «Անկասկած: Ադրբեջանը 2001 թվականին՝ իմ ղեկավարման օրոք է անդամակցել Եվրոպայի խորհրդին: Իմ նպատակն էր աջակցել Ադրբեջանին ստանձնած պարտավորությունների կատարման գործում: Ես գիտեմ, որ տակավին կան մտահոգություններ` կապված զանգվածային լրատվամիջոցների եւ խոսքի ազատության հետ: Կարծում եմ, առաջիկա ընտրությունները կդառնան շատ լավ հնարավորություն` ապացուցելու համար Եվրոպային եւ աշխարհին, որ Ադրբեջանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, այդ թվում խոսքի ազատությանը»:

Day.az-ը նշում է, որ Բաքվում Եվրախորհրդին մեղադրում են կազմակերպության անդամ երկրների նկատմամբ երկակի չափանիշներ կիրառելու, մասնավորապես, «մարդու իրավունքների հարցում Ադրբեջանին պարբերաբար քննադատելու եւ միաժամանակ Հայաստանում այս տարվա ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային բռնություններին եւ բազմաթիվ սպանություններին բավական թույլ արձագանքելու համար»:

«Նախ եւ առաջ, ես համաձայն չեմ, որ Եվրոպայի խորհուրդը պատշաճ արձագանք չի տվել Հայաստանում ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Ես հիշում եմ հայտարարությունն այդ երկրում անցած ընտրությունների վերաբերյալ: Այն շատ քննադատական էր», - ասել է Վալտեր Շվիմերը եւ հավելել. - «Մահը բռնության հետեւանքով իսկապես ողբերգություն է, եւ դա բացարձակապես անընդունելի երեւույթ է: Ընտրությունների հետ կապված քաղաքական բռնությունն այսօրվա Եվրոպայում պարզապես անընդունելի է»:

Շվիմերն այդ կապակցությամբ անդրադարձել է Մակեդոնիայում խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցած անկարգություններին, որոնց մեջ ներքաշվել էին մրցակից ուժերը:

«Մի կողմից, իշխանություններին կարելի է մեղադրել այն բանի համար, որ ոստիկանությունը չի կանխել բռնությունը, մյուս կողմից, մենք չենք ուզում ամենուր ոստիկանության ճնշիչ ազդեցությունը տեսնել: Դժբախտաբար, տարատեսակ օրինախախտումներից ոչ ոք երաշխավորված չէ, բայց եթե ընտրություններն են ուղեկցվում խախտումներով, ապա դա խոսում է դրանցում իշխանությունների ներգրավման մասին», - ասել է Վալտեր Շվիմերը եւ հավելել. - «Ես կարծում եմ, որ մի երկրում տեղի ունեցած բռնություններով չի կարելի արդարացնել խախտումները մեկ այլ երկրում: 3ուրաքանչյուր երկիր պարտավոր է առավելագույնն անել իր պարտավորությունները կատարելու համար: Հետեւաբար, ես հուսով եմ, որ Ադրբեջանում ընտրությունները չեն դառնա քննադատության առիթ»:

«Ուրեմն, դուք համոզված եք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Եվրախորհրդի մոտեցումներում չկա՞ ոչ մի տարբերություն», - Day.az-ի մեկնաբանի այս հարցին Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղարը արձագանքել է. - «Այո, չեմ կարծում, որ կան երկակի չափանիշներ: Եվրոպայի խորհուրդը միշտ փորձում է խուսափել այդպիսի քաղաքականությունից: Քննադատության առջեւ բացարձակապես հավասար են բոլոր անդամ-երկրները: Բռնությունը տեղ չունի ժողովրդավարությունում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG