Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը ընդդեմ քաղաքապետարանի


Վարչական դատարանն այսօր մերժեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշման, որով արգելվել էր հունիսի 20-ին Ազատության հրապարակում նախանշված հանրահավաքի անցկացումը:

Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Սանոյանի պնդմամբ, մերժելով հանրահավաքի անցկացումը` քաղաքապետարանը խախտել է օրենքը, իսկ հունիսի 20-ին քաղաքապետարանի նախաձեռնած «Փոքրիկ երեւանցի» միջոցառումը չի կարող հիմք հանդիսանալ հանրահավաքի անցկացումը մերժելու համար, քանի որ քաղաքապետարանը իր կազմակերպած միջոցառման մասին չի իրազեկել:

Վարչական դատարանը` դատավոր Ռուզան Հակոբյանի նախագահությամբ, գտնում է, որ «նշված մանկական միջոցառման կազմակերպումը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումներին համապատասխան եւ դրա իմաստով չի հանդիսանում զանգվածային հրապարակային միջոցառում, ուստի այդ միջոցառման կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները չեն հանդիսանում նշված օրենքի կարգավորման առարկա, այսինքն` նշված միջոցառումների անցկացման համար օրենքով սահմանված կարգով իրազեկում չի պահանջվում»:

Ի վերջո, Վարչական դատարանը վճռեց մերժել Տեր-Պետրոսյանի հայցը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Սանոյանը, այնուհանդերձ, համոզված է, որ քաղաքապետարանի որոշումները Ազատության հրապարակում կամ Մատենադարանի շրջակայքում հանրահավաքի անցկացումը մերժելու վերաբերյալ անհիմն են եւ չեն բխում օրենքի պահանջներից: Ինչ վերաբերում է ընդունված դատական ակտին, ապա, ըստ Սանոյանի` «այս հայցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր դատարանները գտնվում են ոչ անկախ վիճակում»:

Վճիռը բողոքարկելու հարցը, ըստ Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցչի, դեռ քննարկման կարիք ունի:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG