Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց ԵԽԽՎ-ի բանաձեւի կատարման վերաբերյալ հայտարարությունը


Հայաստանի Ազգային ժողովը իր արտահերթ նստաշրջանում այսօր ընդունեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի կատարման վերաբերյալ հայտարարությունը: Իշխող կոալիցիայի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների հեղինակած նախագծին կողմ քվեարկեցին 80, դեմ` 4, ձեռնպահ` 2 պատգամավորներ:

Հայտարարությունում մոտ երկու տասնյակ կետերով ամրագրված է երկու ամսում կատարվածը եւ նշված է, որ մնացածի համար դեռ ժամանակ է անհրաժեշտ:

«Ազգային ժողովը լիահույս է, որ Եվրախորհրդի վեհաժողովի դիրքորոշումը հունիսի 23-27-ի նստաշրջանում բարենպաստ կլինի», - ասված է, մասնավորապես, փաստաթղթում:

Նախագծին դեմ էին ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները: Խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր. - «Ես չեմ ուզում անդրադառնալ բովանդակային մասին, որովհետեւ բավականին կազուսներ կան այնտեղ եւ անլիարժեք տեղեկատվություն: Կարծում ենք, որ սա լավագույն դեպքում կարող է լինել կոալիցիայի նամակը` ուղղված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին»:

Հայտարարության նախագծի հիմնական զեկուցող` հանրապետական Հրանուշ Հակոբյանը երկուշաբթի օրը իր եզրափակիչ ելույթում դիմեց նաեւ ընդդիմադիր խմբակցության անդամներին. - «Ես կհորդորեի «Ժառանգության»-ը` ղեկավար մարմնում քննարկելու ժամանակ հաշվի առնել, որ չի կարող պատահել` երկրում ամեն ինչ, ինչ անում է իշխանությունը, բոլորը վատն է: Չի կարող պատահել, եւ դուք դուրս եք գալիս արդեն խորհրդարանական ընդդիմության գնահատումներից, ձեւակերպումներից»:

Խորհրդարանը այսօր 79 կողմ, 4 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընդունեց նաեւ կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը` առաջին ընթերցմամբ: Համաձայն նախագծի` կառավարությունը ունենալու է 18 նախարարություն. գործող կառավարության համեմատ միայն մեկն է ավելանում` Սփյուռքի հարցերով նախարարությունը:

Նախատեսված է այս արտահերթ նստաշրջանում օրինագիծն ընդունել նաեւ ամբողջությամբ:

Ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ կմտնի 2008 թվականի հուլիսի 1-ից, սակայն Սփյուռքի հարցերով նախարարությունը կառավարության կառուցվածքում կընդգրկվի հոկտեմբերի 1-ից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG