Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում նկատում է. - «Զարգացած Իտալիայի, թերզարգացած Մակեդոնիայի եւ բացարձակապես չզարգացած Հայաստանի տարբերությունն այն է, որ առաջին երկու դեպքում այդ երկրների հասարակությունները եւ իշխանությունները համամիտ են գոնե արատների արձանագրման հարցում: Իտալիայի իշխանություններն ընդունում են, որ գոյություն ունի մաֆիա, որը խոչընդոտում է այս կամ այն խնդրի լուծմանը: Մեր մաֆիոզները նստած են խորհրդարանում եւ իշխանության այլ օղակներում եւ անարգել զբաղվում են իրենց հանցավոր գործունեությամբ: Մակեդոնիա այցելած «պրեսկոտներն» ու «կոլոմբիեները» հստակորեն արձանագրում են, որ ընտրությունները կեղծված են, «մեր» Պրեսկոտն ու Կոլոմբիեն սկզբում ասում են, որ ՀՀ ընտրություններն ազատ եւ արդար էին, հետո էլ գալիս են` «հետընտրական գործընթացները շտկելու»:

«168 ժամ» թերթը գրում է. - «Այսպիսով, «ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջների կատարում» օպերացիայի շրջանակներում ստեղծվեց հերթական ժամանակավոր հանձնաժողովը, որի աշխատանքներին, ամենայն հավանականությամբ, որեւէ ընդդիմադիր գործիչ չի մասնակցելու: Այնպես որ` դժվար չէ կանխատեսել` այս հանձնաժողովը վերջում ընդունելու է մի այնպիսի եզրակացություն, որ բոլորը «երանի են տալու» Գլխավոր դատախազության եւ մյուս «պատասխանատու» մարմինների մինչ օրս տված գնահատականներին ու եզրակացություններին: Մնում է իսկապես «հոգեխանգարմունքի» մեջ չընկնել»:

«Իշխանությունը բռնազավթածները հրաշալի հասկանում են, որ հանրահավաք կայանալու դեպքում ոչ մի սահմանադրական կարգ էլ չի վտանգվի, եւ ոչ մի ներքաղաքական կայունություն էլ չի խախտվի. սրանք ընդամենը անմիտ սպառնալիքներ են, դատարկ խոսքեր են` հասցեագրված միամիտներին: Փաստ է, որ երկրում առկա է ճգնաժամ: Ճգնաժամ թե’ քաղաքական կյանքում, թե’ տնտեսության մեջ, թե’ սոցիալական ոլորտում, թե’ կրթական համակարգում, թե’ մշակույթի ասպարեզում», - շարադրում է «Տարեգիր»-ը: - «Այս ճգնաժամը իշխանությունն ուզում է հաղթահարել` ընդդիմությանը լուսանցք մղելով: Լուսանցքը տվյալ դեպքում «Հրազդան» մարզադաշտն է: Ընդդիմությունը, սակայն, մտադիր չէ հունիսի 20-ին գնալ «Հրազդան»: Ընդդիմությունը վճռական է եւ որոշել է հանրահավաքը անցկացնել «չարտոնված» վայրում. կամ Ազատության հրապարակում, կամ Մատենադատանի մոտ: Եվ սա, որքան էլ տհաճ լինի Սերժ Սարգսյանի համար, ամենեւին էլ բողոքի գործողություն չէ, այլ այս անիծյալ ճգնաժամից դուրս գալու քայլ: Ճիշտ է, մի հանրահավաքով հնարավոր չէ ճգնաժամ հաղթահարել, բայց այդ հանրահավաքը օդ ու ջրի պես անհրաժեշտ է մարդկանց, որ է'լ ավելի չխրվեն ճահճի մեջ»:

Գրող Պերճ Զեյթունցյանը «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, դրա հիմնական մեղավորը ընդդիմությունն է։ Ինձ այդպես է թվում, որովհետեւ առաջին քայլը Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունն արեց։ Իսկ իրեն հարգող պետությունը չէր կարող դրա դեմը չառնել։ Հիմա նաեւ արտահայտվում է հետեւյալ միտքը. ասում են, թե Տեր-Պետրոսյանի խնդիրը նախագահ ընտրվելը չէր, այլ երկիրը խառնելը, ժողովրդին բախումների տանելը, մեր երկրի հեղինակությունը սասանելն էր։ Սակայն, կարծում եմ, որ, իհարկե, նրա նպատակը նաեւ ընտրվելն էր, կուզենար ընտրվել… Նույնիսկ շատ էր ուզում ընտրվել, դառնալ նախագահ, ինչն այնքան էլ դյուրին բան չէ։ Հակառակը՝ հակակրանք է առաջացնում։ Մի բան այդքան շատ չի կարելի կամենալ։ Եվ բոլորին վիրավորեց։ Մեզ բոլորիս անվանելով տականքներ, քանի որ իր կողքին չէինք կանգնել։ Եվ չեմ կարծում, թե դա լեզվի սայթաքում էր։ Ոչ, գիտակցված ձեւով վիրավորեց՝ ով իր կողքին չէ, «տականք» է»։

«Հրապարակ» թերթը գրում է. - «Հայտնի ճշմարտություն է, որ պետական-հասարակական բոլոր ինստիտուտներին օրենքի շրջանակներում պահելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ունենալ անկախ եւ անաչառ դատարան: Մինչդեռ անզեն աչքով էլ երեւում է, որ Հայաստանի դատարաններն այսօր գործադիր իշխանության ձեռքին շատ ավելի կախյալ ու շատ ավելի ամոթալի գործիք են դարձել, քան կային նույնիսկ մեկ տարի առաջ: Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հաշված ամիսների ընթացքում հասցրեց այնպես փչացնել եւ այլասերել ողջ իրավական դաշտն ու այդ դաշտը սպասարկող` առանց այդ էլ հեղինակազրկված կառույցները, որ երկիրը նետեց ցայժմ չտեսնված ու չլսված իրավական նիհիլիզմի մեջ»:

«Հովիկ Աբրահամյանը թերեւս ամենավատը չէ մեր պետական պաշտոնյաների մեջ, թերեւս ունի փորձ, բնատուր արթնամտություն, մարդկանց աշխատեցնելու կարողություն եւ այլն», - գրում է «Ազգ»-ի գլխավոր խմբագիրը: - «Ավելին, վստահորեն նա ունի նաեւ այլ բաներ, որոնք ներկա հարաբերություններում ավելի վճռական ու կարեւոր են, քան ուսումն ու կրթությունը, պարկեշտությունն ու արդարասիրությունը, պետական մտածելակերպն ու ջանասիրությունը: Այսուհանդերձ, հակառակ ունեցած վերոհիշյալ բոլոր բարեմասնություններին, մեր հասարակությունը նրան չի սիրում… Բացատրություն մի՛ պահանջեք. հասարակությունը նրան չի սիրում: Չի սիրի նաեւ նրանց, ովքեր թեկուզ ներիշխանական ինչ-ինչ «նպատակահարմարությունից» ելնելով նրան կմղեն վերեւ, ոտնակոխելով հասարակական կարծիքը… Թիվ 17 ընտրատարածքում քվեարկվելու դեպքում հաստատապես կընտրվի նա, Հովիկը: Կասկածելն անգամ ծիծաղելի է: Միակ հույսը վերին իշխանություններն են. ով ճանապարհ է հարթում, նա՛ էլ կարող է ճանապարհ փակել: Գոնե այս անգամ մի՛ գնացեք հասարակական կարծիքի դեմ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG