Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը «Ի պաշտպանություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի» հանձնախումբը բողոքի ակցիա էր նախաձեռնել Արման Բաբաջանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, ապա Հյուսիսային եւ Բաղրամյան պողոտաներով` դեպի նախագահի նստավայր:

Հունիսի 26-ին լրանում է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ազատությունից զրկելու երկու տարին:

2007 թվականի հունվարին Զինվորական գործերով վերաքննիչ դատարանը զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով Բաբաջանյանին դատապարտել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման` հիմնավորված համարելով նախորդ տարվա հունիսին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Վերաքննիչը սոսկ վեց ամսով կրճատել էր պատժի չափը:

Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու մի քանի հնարավորություն է եղել, սակայն ամեն անգամ պատկան մարմինները մերժել են միջնորդությունները:

Ակցիային մասնակցում էր նաեւ վերջերս ազատ արձակված Ժիրայր Սեֆիլյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ այսօրվա ակցիայի իմաստն ու հիմնական նպատակը ներկա իրավիճակին «չհամակերպվելն է». - «Մարդկանց ապօրինի բռնել են, մենք չենք համակերպվում»:

Ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին ընդունեց Հայաստանի նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի ղեկավարի տեղակալ Ներսես Մինասյանը:

Արման Բաբաջանյանը, ինչպես նաեւ քրեակատարողական այլ հիմնարկներում պահվող երկու տասնյակից ավելի կալանավորներ հացադուլ են հայտարարել: Հացադուլավորների գերակշռող մասն այն կալանավորներն, ովքեր անազատության մեջ են հայտնվել հետընտրական իրադարձություններից հետո:

«Մենք միանում ենք հացադուլավոր մեր մայրերին, քույրերին, եղբայրներին, որոնց պահանջը ԵԽԽՎ-ի 1609 բանաձեւի անհապաղ կատարումն է», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Արման Բաբաջանյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG