Մատչելիության հղումներ

Հայաստանում են Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն


Այսօր Հայաստան են ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն:

Երկօրյա այցի ընթացքում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Երկուշաբթի առավոտյան Պրեսկոտի եւ Կոլոմբիեի գլխավորած պատվիրակությունը արդեն հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ:

Պատվիրակությունը հանդիպել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:

Վաղը Ժորժ Կոլոմբիեն հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ձերբակալված քաղաքական գործիչների կանանց, մայրերի, քույրերի հետ:

Կեսօրից հետո համազեկուցողների գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ձերբակալվածների փաստաբանների հետ: Հանդիպումից հետո Ջոն Պրեսկոտը ասաց. - «Մենք դեռ զրուցում ենք մարդկանց հետ: Մենք պետք է շատ մարդկանց կարծիքներ լսենք: Եվ մենք դա անում ենք` դանդաղ, բայց հաստատակամորեն»:

Հանդիպման մասնակիցներից փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը ասաց, որ զրույցի ընթացքում պատվիրակության անդամների հարցերը հիմնականում վերաբերել են «նախաքննության ընթացքին եւ դատավարություններին»:

Խոսվել է նաեւ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նորաստեղծ ժամանակավոր հանձնաժողովի մասին:

«Եղան մտքեր, որ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տեր-Եսայանը: - «Առաջինը, որ այնտեղ մեծամասնություն են իշխող կոալիցիայի անդամները, եւ երկրորդը` այնտեղ իրավաբաններ չեն»:

«Իրենք շատ լավ տեղեկացված են», - շարունակեց փաստաբանը: - «Շատ մանրամասն տեղեկացված են»:

Փաստաբանների հետ «Մարիոտ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումից հետո ընդդիմադիրները հյուրանոցի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել:

Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդմամբ, Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Ժորժ Կոլոմբիեն նշել է, որ որեւէ մեկը չպետք է հետապնդվի եւ ձերբակալվի իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման արտահայտման համար եւ եթե կան այդպիսիք, ապա պետք է ազատ արձակվեն»:

Նա նաեւ մտահոգություն է հայտնել ընդդիմության կողմից հունիսի 20-ին հրավիրվելիք հանրահավաքը մերժելու քաղաքապետի որոշման վերաբերյալ:

Իր հերթին, մյուս համազեկուցողը՝ Ջոն Պրեսկոտը անդրադարձել է մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը` շեշտելով ուսումնասիրության անաչառության եւ անկախության կարեւորությունը: Նրա համոզմամբ, եթե ուսումնասիրությունը անկախ չճանաչվի, հասարակության պառակտումը ավելի կխորանա:

Համազեկուցողները առաջարկել են ավելի շատ տեղ տրամադրել մարդու իրավունքների պաշտպանին` նշելով, որ նրա կողմից ներկայացվող ուսումնասիրությունը շատ ավելի արժանահավատ կդիտվի հասարակության կողմից:

Այսօր համազեկուցողները հանդիպել են նաեւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ անդրադառնալով մարտի 1-֊2-֊ի ոստիկանության ուժերի կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով գրանցված մարդկային զոհերի հանգամանքների պարզաբանմանը, գլխավոր դատախազը նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն հստակեցվել է հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը: Հարցաքննվել է 200-ից ավելի ոստիկան, նրանց թվում նաեւ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե կոնկրետ ում կողմից գործադրված հատուկ միջոցն է դարձել մարդկային զոհի պատճառ:

Երեկոյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումները «չեն սահմանափակվում ԵԽԽՎ բանաձեւի դրույթների ուղղությամբ իրականացվող քայլերով եւ ունենալու են շարունակություն»:

Ջոն Պրեսկոտը բարձր է գնահատել Նախագահի կողմից հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG