Մատչելիության հղումներ

Եռաբլուրում հացադուլը շարունակվում է: Շաբաթ օրը զոհված ազատամարտիկների պանթեոնում էին 12 հացադուլավորներ, ովքեր պատրաստվում էին իրենց ակցիան շարունակել մինչեւ հունիսի 20-ը:

Հացադուլավորներից մեկը` առաջին կարգի հաշմանդամ Անդրանիկ Կետիկյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովմունք հայտնեց, որ քաղաքապետարանը չի թույլատրել ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում. - «Կցանկանայի մեր քաղաքապետին, որ ողջամիտ լիներ` մանկական խաղերը մանկական այգում կազմակերպվեին, այլ ոչ թե Ազատության հրապարակում»:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացված արդարացման երկու դատավճիռների վերաբերյալ հացադուլավորն ասաց. - «Դա ձեւական բնույթ է կրում` որ Եվրախորհրդին ցույց տան, որ մարդասիրական գործեր են կատարում»:

Կետիկյանը վստահեցրեց, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, «եթե լինեն մեր այն ցուցատախտակի պահանջները եւ ընդհանուր պահանջները` արդարության»:

Պաստառի վրա գրված պահանջները հետեւյալն են` ազատ արձակել «քաղբանտարկյալներին», պատժել մարտի 1-ի ոճրագործներին, հանրահավաքների մասին օրենքը վերադարձնել նախկին տեսքին, չարտաքսել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG