Մատչելիության հղումներ

Նախագահի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է պատգամավոր դառնալ


Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը պայքարելու է Ազգային ժողովի պատգամավորական տեղի համար:

Թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կեսօրից հետո հանձնաժողով են ներկայացվել Հովիկ Աբրահամյանի առաջադրման փաստաթղթերը:

Նախօրեին Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ ուրբաթ երեկոյան կուսակցության գործադիր մարմինը իր նիստում որոշում է կայացրել թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրել Հովիկ Աբրահամյանին:

Այս ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ անկուսակցական Գրիշա Վիրաբյանը: Առաջադրման ժամկետն ավարտվում է կիրակի օրը ժամը 18:00-ին:

Թիվ 17 ընտրատարածքում ընտրությունները կայանալու են օգոստոսի 24-ին: Պատգամավորի տեղը թափուր է մնացել հանրապետական Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարելուց հետո:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատգամավոր ընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանը դառնալու է խորհրդարանի խոսնակ: Հանրապետականները ժխտում են նման սցենարը, իսկ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG