Մատչելիության հղումներ

Մինսկը՝ Եվրոպայի վատթարագույն քաղաք


Ապրելակերպի, աշխատանքի եւ կյանքի պայմանների հարցերն ուսումնասիրող «Մերքեր» խորհրդատվական ընկերությունն այսօր հրապարակել է աշխարհի քաղաքների հարմարավետության 2008 թվականի զեկույցը, որի համաձայն` Եվրոպայի աշխարհամասում կյանքի ամենավատ պայմանները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում են:

182 քաղաքների թվում Անդրկովկասի քաղաքներն ընդգրկված չեն: Անցյալ տարվա զեկույցում Բաքուն համարվել է աշխարհի վատթարագույն քաղաքներից մեկը` առողջապահության եւ սանիտարիայի տեսակետից:

«Մերքեր»-ի փորձագետները քաղաքներին գնահատական են տալիս շուրջ չորս տասնյակ ցուցիչներով. սպառման ապրանքների եւ պարենի մատչելիությունը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, առողջապահական հիմնարկների աշխատանքը, հանգստավայրերի, օդանավակայանների մատուցած ծառայությունների որակը, էկոլոգիան, քաղաքական-տնտեսական վիճակը եւ այլն:

«Մերքեր»-ի 2008 թվականի հետազոտության տվյալներով` հարմարավետության տեսակետից աշխարհում առաջատարը եվրոպական քաղաքներն են: Առաջին հինգ տեղում են Ցյուրիխը (Շվեյցարիա), Վիեննան (Ավստրիա), Ժնեւը (Շվեյցարիա), Վանքուվերը (Կանադա) եւ Օքլենդը (Նոր Զելանդիա):

Աշխարհի վատագույն քաղաքներ են համարվել Չադի մայրաքաղաք Նջամենան, Սուդանի մայրաքաղաք Խարթումը, Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլը, Կենտրոն-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգին, իսկ կյանքի պայմանների տեսակետից բոլոր քաղաքներից ամենավատը ճանաչվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG