Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանը երեկ մերժել է Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման` հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ դրանից հետո քաղաքի կենտրոնական փողոցնելով երթ անցկացնելու մասին իրազեկումը: Համաժողովրդական շարժումը պատրաստվում է վիճարկել այդ որոշումը:

«Մենք, այնուամենայնիվ, ցանկանում ենք եւս մեկ շանս շնորհել իշխանություններին՝ հարցը քաղաքակիրթ եւ օրինական ճանապարհով լուծելու համար։ Ուստի մենք կվիճարկենք դատարանում սույն ապօրինի որոշումը, ինչպես նաեւ նոր հայտով կդիմենք քաղաքապետարան՝ հանրահավաքի եւ երթի անցկացման համար։ Կառուցողականություն եւ ճկունություն դրսեւորելով՝ մենք հանրահավաքի անցկացման համար, բացի Ազատության հրապարակից, կառաջարկենք այլընտրանքային վայր՝ Մատենադարանին կից տարածքը», - ասված է Համաժողովրդական շարժման կենտրոնի` երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում։

Մերժման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետի հունիսի 5-ի կարգադրությունը, որով Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած արտոնվել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով միջոցառումների շարքի անցկացումը: Դրա շրջանակներում նախատեսված միջոցառումը հունիսի 20-ին սկսվելու է առավոտյան 11-ից եւ տեւելու է մինչեւ երեկոյանը ժամաը 9-ը:

Ինչ վերաբերում է երթին, ապա այն արգելվել է պատճառաբանությամբ, թե «երթուղին խոշոր տրանսպորտային հանգույց է», «քաղաքի կենտրոնում կատարվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ», ուստի նախատեսված երթը, ըստ ոստիկանության գրության` «կկազմալուծի տրանսպորտի բնականոն ընթացքը, իրական վտանգ կսպառնա միջոցառման մասնակիցների կյանքին եւ առողջությանը», «կկախտվի հասարակական կարգն ու կսահմանափակվեն այլոց սահմանադրական իրավունքները»:

Քաղաքապետարանը կազմակերպիչներին առաջարկել է նույն օրը նույն ժամին հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող հրապարակում: Այս առաջարկը Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը «ծաղր» է գնահատում:

«Նույն հաջողությամբ մեզ կարող էին առաջարկել նաեւ Սովետաշենի աղբանոցը կամ նման մի ուրիշ տեղ: Դա ակնհայտ նվաստացման փորձ է նրանց կողմից, ծաղրանք… Բնականաբար` անընդունելի մեզ համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

«Շարժումն արդեն հայտարարել էր, որ, անկախ ռեժիմի կողմից ընդունված որոշումներից, հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է։ Մենք վերահաստատում ենք այդ օրը ազատ հավաքների սահմանադրական հիմնարար իրավունքի վերականգնման մեր վճռականությունը», - երեկվա հաղորդագրությամբ հայտարարել է Համաժողովրդական շարժման կենտրոնը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG